ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.10.2015
ՀՀ բնապահպանության նախարարության արձագանքը Սևանա լճից ջրի բաց թողնման վերաբերյալ մտահոգություններին

Սևանա լճի մակարդակի իջեցման մասին ԶԼՄ-ներում հրապարակված ահազանգի առնչությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնում հարցը բարձրացրած բնապահպանական հասարակական կազմակերպությունների և բնապահպան ակտիվիստների հետ կազմակերպել համատեղ այց Սևան քաղաք` տեղում տեսնելու Սևանա լճից ջրի բաց թողնման աջ և ձախ վերամբարձ մեխանիզմների (վահանակների և շարժաբերների) կապարակնիքների առկայությունը և փաստելու, որ Սևանա լճից ընդհանրապես ջրի բացթողում չի իրականացվում: Ինչ վերաբերում է <<Արփա-Սևան>> N 2 թունելով Սևանա լիճ ջրի տեղափոխման խնդրին, ապա ըստ ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի <<Արփա-Սևան>> թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ>> պետական հիմնարկի տեղեկատվության` ներկայում <<Արփա-Սևան>> N 2 թունելում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ: <<Արփա-Սևան>> N 2 թունելի հիմնանորոգման ծրագիրը նախատեսվում է ավարտել 2017թ. դեկտեմբերի 20-ին: Հիմնանորոգման աշխատանքներն իրականացվում են տարվա 7 (հունվար, փետրվար, մարտ, սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր) ամիսների ընթացքում, իսկ մնացած 5 ամիսներին թունելով ջուրը տեղափոխվելու է դեպի Սևանա լիճ: Ներկայում օրական <<Արփա-Սևան>> թունելով Սևանա լիճ է տեղափոխվում շուրջ 0,08 մլն.մ/խ ջուր /ըստ ՀՀ ՏԿԱԻՆ «Հայպետհիդրոմետ» ծառայության/, ինչը ստորերկրյա հոսք է: 2015թ.-ի ընթացքում << Արփա-Սևան>> թունելով Սևանա լիճ է տեղափոխվել շուրջ 106 մլն.մ/խ ջուր: