ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր կառավարության հաստատմանն է ներկայացրել <<Առողջ սունկ>> ՍՊԸ-ին վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տալու մասին>> և <<Գրաֆեն-Շին>> ՍՊԸ-ին վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տալու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծերը: Վերը նշված ընկերությունները դիմել են ՀՀ կառավարությանը` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզիա ստանալու նպատակով: Հաշվի առնելով, որ նախատեսվող գործունեությունը կնպաստի վտանգավոր թափոնների, կոնկրետ դեպքերում` թռչնաղբի և hատիկավորված ռետինե թափոնների անվտանգ գործածությանը, ինչպես նաև <<Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման>> միջգերատեսչական հանձնաժողովի դրական փորձաքննական եզրակացությունները` նպատակահարմար է նշված ընկերություններին տրամադրել լիցենզիա: Որոշման նախագծերը հավանության են արժանացել տարածքային զարգացման և բնապահպանական նախարարական կոմիտեի 2015 թվականի հոկտեմբերի 15-ի նիստում: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև <<էկոլոգիական մոնիթորինգի բնագավառում համագործակցության մասին 1999 թվականի հունվարի 13-ի Համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին>> Արձանագրության կնքման վերաբերյալ առաջարկությանը համաձայնություն տալու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ռուսաստանի Դաշնության նախաձեռնած Արձանագրությամբ առաջարկվում է <<Էկոլոգիական մոնիթորինգի բնագավառում համագործակցության մասին>> համաձայնագրի 6-րդ հոդվածը հանել: Նշված հոդվածով նախատեսված է եղել Ռուսաստանի Դաշնությունում ստեղծել էկոլոգիական մոնիթորինգի միջպետական կենտրոն, ինչը, սակայն, չի իրագործվել: 2015թ. ընթացքում Արձանագրությունը սահմանված կարգով անցել է ներպետական բոլոր ընթացակարգերը, ինչպես նաև համաձայնեցվել է շահագրգիռ գերատեսչությունների հետ: Որոշման նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: