Ռուսաստանի Դաշնութան Սանկտ Պետերբուրգ քաղաքում տեղի է ունեցել «Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հարցեր` օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից» թեմայով սեմինար, որին մասնակցել են ԱՊՀ 10 երկրների 59 պատվիրակություններ, այդ թվում` ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար՝ Թաթուլ Հայրապետյանը և տեխնիկական սպասարկման ծառայության պետ՝ Գառնիկ Պետրոսյանը: Սեմինարը կազմակերպվել էր ՌԴ «Ռոսհիդրոմետ ավիամետտելեկոմ» ընկերության, Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության, (ICAO) և Օդերևութաբանության միջազգային կազմակերպության (WMO) կողմից, օդերևութաբանական տեսանկյունից թռիչքային անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջներին համապատասխան: Սեմինարի ընթացքում ելույթ են ունեցել ICAO-ի, WMO-ի ներկայացուցիչները «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար՝ Թաթուլ Հայրապետյանը, ինչպես նաև ԱՊՀ երկրների մասնագետները և փորձագետները: Ներկայացվել են ԱՊՀ երկրներում քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցեր և առաջարկվել են համապատասխան լուծումներ: Միջոցառման շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ աշխատակազմի ղեկավար Թաթուլ Հայրապետյանին, տեխնիկական սպասարկման ծառայության պետ Գառնիկ Պետրոսյանին և 5 այլ երկրների պատվիրակներին տրվել են սերտիֆիկատներ` քաղաքացիական ավիացիայի բնագավառում ներքին ստուգումներ անցկացնելու համար: Քաղաքացիական ավիացիայի թռիչքների անվտանգությունը` օդերևութաբանական սպասարկման տեսանկյունից առավել անվտանգ դարձնելու համար մասնակից երկրների շարքում նաև Հայաստանի ներկայացուցիչները հանդես են եկել առաջարկություններով: Ներկաներին տեղեկացվել է, որ «Զվարթնոց» ավիաօդերևութաբանական կենտրոն» ՓԲԸ կողմից քաղաքացիական ավիացիայի համար մշակվող և տրամադրվող օդերևութաբանական տեղեկությունների արդարացվելությունը կազմում է 93.5%, ինչը բարձր է տարածաշրջանի մի շարք երկրների ցուցանիշներից: Միջոցառման ամփոփիչ նիստում որոշվել է ավիացիոն օդերևութաբանական սպասարկմանն առնչվող հարցերին վերաբերվող նմանատիպ սեմինարներ կազմակերպել ամեն տարի՝ ոլորտին առնչվող խնդիրները հետևողականորեն պարզաբանման և լուծումներ տալու համար: