ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.10.2015
ՀՀ կառավարության 01.10.2015թ-ի հերթական նիստում հաստատվել են բնապահպանության ոլորտին առնչվող որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «Հողամասը որպես նվիրաբերություն ընդունելու, «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագիրը, հատակագիծն ու տարածքի չափը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003թվականի հուլիսի 3-ի N 827-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների ճշտման, հատակագծի ու տարածքի հաստատման և ընդլայնման անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Էրեբունի» պետական արգելոցի սահմանների նկարագրի ու տարածքի չափի ճշտումը, արգելոցի պահպանության համար նպաստավոր պայմանների ստեղծումը: Ներկայացվել է նաև ««Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային լողափի կազմակերպման մասին» որոշման նախագիծը, որի ընդունումը պայմանավորված է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում հանրային օգտագործման համար հանրային նոր լողափ կազմակերպելու անհրաժեշտությամբ: «Սևան» ազգային պարկի տարածքում ընդգրկված Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի վարչական սահմաններում գտնվող 9.0 հա հողամասն առանձնացվում է նոր՝ N 8 լողափի կազմակերպման նպատակով: Որոշման նախագծի ընդունումը հնարավորություն կընձեռի քաղաքացիներին «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտում կազմակերպել հանգիստ՝ առանց լրացուցիչ ծախսերի և կնպաստի հանրապետությունում զբոսաշրջության, սպորտի զարգացմանը և հանգստի կազմակերպմանը: ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել նաև Սևանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանման, վերարտադրման, բնականոն զարգացման և օգտագործման միջոցառումների 2016 թվականի տարեկան ծրագիրը: Սույն որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է լճի և դրա ջրհավաք ավազանի ներկայիս վիճակի բարելավման անհրաժեշտությամբ: Նախագծով ապահովվում է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի պահպանությունը, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը և Սևանա լճի ջրհավաք ավազանի բնական պաշարների կայուն օգտագործումը 2016թվականի ընթացքում: Որոշումների նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: