Սույն թվականի սեպտեմբերի 18-20-ը ՀՀ բնապահպանության նախարարության <<Զիկատար>> բնապահպանական կենտրոն ՊՈԱԿ-ի <<Զիկատար>> ուսումնական կենտրոնում կայացել է Եվրամիության միջսահմանային համագործակցության <<Սևծովյան ավազանի երկրների 2007-2013 թվականների համատեղ գործողությունների ծրագրի>> շրջանակներում իրականացվող <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ավարտական սեմինարը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունների, միջազգային կազմակերպությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ՀՀ Լոռու և Տավուշի մարզպետարանների աշխատակիցներ, բնապահպանական հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Զեկույցներով հանդես են եկել <<Անտառային հրդեհների մարում հոսքային ջրերով` նոր տեխնոլոգիաների կիրառմամբ>> ծրագրի ազգային համակարգող Անդրանիկ Ղուլիջանյանը, ՄԱԶԾ կլիմայի փոփոխությանն առնչվող ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը, «Զանգեզուր>> կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Կիրակոսյանը, Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչները: Հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմակերպվել է կլոր սեղան` <<Բնապահպանական խնդիրների վերհանումը և լուսաբանումը լրատվամիջոցներում>> թեմայով: Միջոցառման շրջանակներում սեմինարի մասնակիցները իրականացրել են ծառատունկ <<Զիկատար>> ուսումնական կենտրոնի հարակից տարածքում: