Հայաստանը, ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության, 2010 թվականի նոյեմբերից մասնակցում է «Եվրոպական հարևանության և գործընկերության գործիքի Բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգ» ծրագրին, որի հիմնական նպատակը Եվրամիության հարևանության գործընկեր երկրներին բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի (ԲՄՏՀ) 7 սկզբունքներին համապատասխան շրջակա միջավայրի վիճակի վերաբերյալ իրենց ազգային տեղեկատվական համակարգի ձևավորման և ընդլայնման համար օժանդակություն ցուցաբերելն ու շրջակա միջավայրի վիճակի գնահատման արդյունքներով Համաեվրոպական Զեկույցներ պատրաստելն է: ԲՄՏՀ հիմնական սկզբունքներից են նաև բնապահպանական մոնիթորինգի միասնական ցուցանիշների կիրառումը, տեղեկատվության համադրելիության և երկրների հաշվետվողականության ապահովումը: Սույն նպատակային 4-ամյա ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի /ԵՏՀ/ Շրջակա միջավայրի մոնիթորինգի և գնահատման, բնապահպանության և վիճակագրության նպատակային աշխատանքային խմբերի հետ համատեղ: Ծրագրի ավարտից հետո, տեղեկատվության տրամադրման, առցանց հասանելիության և հաշվետվողականության նոր հայեցակարգի համաձայն՝ մոնիթորինգի ընտրված 67 ցուցանիշների համացանկի կիրառմամբ կատարվել է հաշվետու բոլոր մասնակից երկրների հաշվետվողականության արդյունքների ամփոփում և բնապահպանական միասնական տեղեկատվական համակարգի ներդրման առաջընթացի գնահատում: Գնահատման արդյունքների համաձայն` բնապահպանական հաշվետվողականության մեխանիզմների կատարելագործման և էլեկտրոնային հաշվետվողականության ամբողջական ներդրման մասով առաջատար երկրներն են Շվեդիան` 99%, Հայաստանը` 91%, Ռուսաստանի Դաշնությունը` 89%, Կանադան՝ 81% (ԱՄՆ` 61%, Ադրբեջան`57%, Թուրքիա` 54%, Վրաստան 27% և այլն): Տես` http://www.unece.org/fileadmin/DAM/env/europe/monitoring/17thMeeting/ece.cep.ac.10.2015.5.e.pdf կայքում, իսկ Հայաստանի ամբողջական հաշվետվությունը` http://armstatbank.am/Menu.aspx?rxid=002cc9e9-1bc8-4ae6-aaa3-40c0e377450 a&px_db=ArmStatbank &px_type=PX&px_language=hy կայքում: