ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
15.09.2015
Ակնաշեն համայնքում տեղի է ունեցել ստորերկրյա ջրերի ավտոմատ մոնիթորինգի դիտահորի գործարկում

2015թ. սեպտեմբեր 15-ին ՀՀ բնապահպանության նախարարության և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչների մասնակցությամբ՝ ԵՄ "Միջազգային գետավազանների շրջակա միջավայրի պահպանություն" (ՄԳՇՄՊ) ծրագրի շրջանակներում ՀՀ Արմավիրի մարզի Ակնաշեն համայնքում տեղի է ունեցել մոնիթորինգի նոր դիտահորի գործարկում: Ծրագրի օժանդակությամբ կառուցված դիտահորը կահավորվել է ջրի մակարդակի, ջերմաստիճանի և հաղորդակցության ժամանակակից էլեկտրոնային սարքավորումներով: Տվյալների փոխանցումը ստորերկրյա ջրերի մոնիթորինգի պատասխանատու կազմակերպությանը` ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնին, կիրականացվի հեռահաղորդակցման համակարգով: Տեղում նաև անց է կացվել ՀՀ բնապահպանության նախարարության հիդրոերկրաբանական մոնիթորինգի կենտրոնի աշխատակիցների վերապատրաստում՝ հորի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումների օգտագործման թեմայով: Վերոնշյալ աշխատանքներն իրականացվել են գետավազանային կառավարման պլանի մշակման շրջանակներում: Նպատակն է աջակցել ՀՀ բնապահպանության նախարարությանը` անդրադառնալու Արարատյան դաշտի արտեզյան ստորերկրյա ջրերի սպառման հիմնախնդրին և գետավազանում ստորերկրյա ջրերի մոնիթորինգի բարելավման միջոցով խթանելու ջրօգտագործման վերաբերյալ ավելի ճշգրիտ տեղեկատվության հավաքագրմանը և ջրերի բաշխման վերաբերյալ արդյունավետ որոշումների կայացմանը: