ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.09.2015
ՀՀ կառավարությունը հաստատել է բնապահպանության ոլորտին առնչվող մի շարք որոշումներ

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն Է ներկայացրել «ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի ներքո Հայաստանի Հանրապետության «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողություններին/ներդրումին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը, որը մշակվել է ի կատարումն ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 16-ի N 397-Ն որոշման: Համաձայն կոնվենցիայի 2014թ. որոշման՝ երկրները ջերմոցային գազերի կրճատման կամ սահմանափակման ռեժիմի մասին իրենց դիրքորոշումը պաշտոնապես պետք է ներկայացնեն մինչև 2015 թվականի հոկտեմբերի 1-ը: Փաստաթուղթը հավանության է արժանացել ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի կողմից, ինչպես նաև հասարակական լսումների ընթացքում (Քաղվածք ՀՀ կառավարության նիստի ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ (10 սեպտեմբերի 2015 թվականի N 41 )): ՀՀ կառավարության հաստատմանն են ներկայացվել նաև «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունվարի 19-ի N 47-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի N 500-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1180-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 7-ի N1739-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերի փաթեթը: Սույն որոշումների նախագծերը մշակվել են ի կատարումն ՀՀ վարչապետի 2015 թվականի օգոստոսի 28-ի N786-Ա որոշման հավելվածի միջոցառումների, որոնք բխում են «Թափոնների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2015 թվականի հունիսի 22-ի ՀՕ-105-Ն օրենքի դրույթներից, որոնց համաձայն մայր օրենքում կատարվել են փոփոխություններ և լրացումներ: Մասնավորապես՝ սահմանվել է, որ օրենքի դրույթները տարածվում են նաև ընդերքօգտագործման թափոնների վրա, հստակեցվել են վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի լիազոր մարմնին ներկայացման հետ կապված հարաբերությունները: Նախագծերի ընդունումը կնպաստի ընդերքօգտագործման թափոնների գործածության, վտանգավոր թափոնների անձնագրավորման, թափոնների գոյացման, վերամշակման ու օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվության և թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկի ներկայացման, թափոնների պետական հաշվառման հետ կապված հարաբերությունների իրավական կարգավորմանը: Հաստատման է ներկայացվել նաև «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման լիցենզիա տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությունը դիմել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը` վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեությամբ զբաղվելու համար լիցենզիա ստանալու նպատակով: Հաշվի առնելով, որ նախատեսվող գործունեությունը կնպաստի վտանգավոր թափոնների, տվյալ դեպքում` ոչ մետաղագործական ֆերոհամահալվածքների խարամի և վնասակար խառնուկներով գիպսային շլամի անվտանգ փոխադրմանը և տեղադրմանը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետությունում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման գործունեության լիցենզավորման» միջգերատեսչական հանձնաժողովի դրական փորձաքննական եզրակացությունը` նպատակահարմար է համարվել «Մաքուր երկաթի գործարան» բաց բաժնետիրական ընկերությանը տրամադրել լիցենզիա` վտանգավոր թափոնների վերամշակում, վնասազերծում, պահպանում, փոխադրում և տեղադրում իրականացնելու համար: ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացված մեկ այլ որոշմամբ առաջարկվել է Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի օգոստոսի 14-ի «Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը հաստատելու մասին» N967-Ն որոշման 2-րդ կետում «2018-2020» թվերը փոխարինել «2019-2021» թվերով: Որոշումների նախագծերը հաստատվել են ՀՀ կառավարության կողմից և ուժի մեջ կմտնեն պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: