ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.09.2015
Արամայիս Գրիգորյանը Գերմանիայում հանդիպել է ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարին և մասնակցել Հայաստանին նվիրված խորհրդարանական երեկոյին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում: Աշխատանքային այցի շրջանակներում պատվիրակությունը հանդիպում է ունեցել ԳԴՀ շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարար Բարբարա Հենդրիքսի և նախարարության ներկայացուցիչների հետ: Նախարար Արամայիս Գրիգորյանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար և բարձր գնահատելով ՀՀ - ԳԴՀ համագործակցությունը բնապահպանության ոլորտում, հույս է հայտնել, որ այս հանդիպումը նոր ծրագրերի մեկնարկ կդառնա: Կողմերը քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները և հեռանկարները՝ մասնավորապես անդրադառնալով Արարատյան դաշտի ջրօգտագործման ավտոմատ, կենտրոնացված կառավարման համակարգի ներդրման և Կլիմայի փոփոխության ոլորտում ծրագրերի իրականացման հեռանկարներին: Հանդիպման ավարտին նախարար Հենդրիքսը քննարկված հարցերի շուրջ Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գերատեսչությունների միջև համագործակցությունն առավել ակտիվացնելու և նոր մակարդակի հասցնելու վերաբերյալ: Այցի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանին նվիրված խորհրդարանական երեկո, որին մասնակցել են ԳԴՀ խորհրդարանի, համապատասխան գերատեսչությունների, Գերմանիայում ՀՀ դեսպանության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Երեկոյի ընթացքում ողջունելով Գերմանիայի բնության պահպանության միության /NABU/ և Գերմանիայում ՀՀ դեսպանության համատեղ ջանքերով կազմակերպված միջոցառման բոլոր մասնակիցներին՝ նախարար Արամայիս Գրիգորյանը մասնավորապես նշել է. "Շրջակա միջավայրի պահպանության ոլորտը յուրաքանչյուր պետության և լայն հասարակայնության ուշադրության կենտրոնում է: Երկրագնդի ցանկացած բնակիչ պետք է առանձնահատուկ վերաբերմունք ցուցաբերի շրջակա միջավայրի պահպանության նկատմամբ: Այս ոլորտում կարևորագույն դեր ունի պետությունների կողմից որդեգրված բնապահպանական անվտանգության քաղաքականությունը և պետությունների միջև համագործակցությունը: Դեռևս 2000 թվականից ՀՀ բնապահպանության նախարարությունը արդյունավետ համագործակցում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության հետ և ընդգրկված է Գերմանիայի Կառավարության "Կովկասյան նախաձեռնության" գործընթացում: Նախարարությունը մասնակցում է Գերմանիայի կողմից իրականացվող տարածաշրջանային ծրագրերում և նախաձեռնություններում: Գերմանիայի աջակցությամբ Հայաստանում իրականացվել և ներկայում էլ իրականացվում են մի շարք խոշոր բնապահպանական ծրագրեր: Եվս մեկ անգամ ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության անունից արդյունավետ և շարունակական համագործակցության համար երախտագիտությունս հայտնել Գերմանիայի բնության պահպանության միությանը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության շրջակա միջավայրի, բնության պահպանության ու միջուկային ռեակտորների անվտանգության դաշնային նախարարությանը, Գերմանական միջազգային համագործակցության ընկերությանը և Գերմանական զարգացման բանկին": ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը ԳԴՀ շարունակվում է: