Երևանի «Կոնգրես» հյուրանոցում այսօր տեղի է ունեցել «Առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառումը` բաց այրման աղբյուրներից կայուն օրգանական աղտոտիչների ոչ կանխամտածված արտանետումների նվազեցման համար» ծրագրին նվիրված ներածական սեմինարը: Ծրագիրն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության (UNIDO) հետ համատեղ և նպատակաուղղված է դիօքսինների և ֆուրանների արտանետումների կրճատմանը բաց այրման աղբյուրներից: Ծրագրի շրջանակներում նախատեսվում են օրենսդրական կարգավորումներ, դիօքսինների հիմնական աղբյուրների հաշվառում և դրանց կանխարգելմանը նպատակաուղղված առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառման առաջարկությունների մշակում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անունից ողջունելով սեմինարի մասնակիցներին` ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Խ. Աղաբեկյանը կարևորել է ծրագրի իրականացումը Հայաստանում և նշել, որ ներկայիս գլոբալ հիմնախնդիրներից մեկը, որը սերտորեն կապակցված է կայուն զարգացման ապահովման խնդրի հետ, շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունն է կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից: Բարձր գնահատելով Հայաստանի Հանրապետության պատրաստակամությունը խնդրի լուծման ուղղությամբ և ՄԱԿ-ի արդյունաբերության զարգացման կազմակերպության հետ համագործակցության դրական փորձը` ծրագրի ղեկավար տիկին Կարմելլա Սենտենոն ակտիվ ու արդյունավետ աշխատանք և ծրագրի բարեհաջող իրականացում է մաղթել: Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված "Կայուն օրգանական աղտոտիչների մասին" Ստոկհոլմի /2003 թ./ կոնվենցիայի պարտավորությունների` կողմ երկրները պետք է աջակցեն առկա լավագույն տեխնոլոգիայի կամ բնապահպանական իմաստով լավագույն գործունեության մեթոդաբանության կիրառմանը` բաց այրումը կանխարգելելու նպատակով: Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատած արագ եղանակ է, սակայն շրջակա միջավայրում դիօքսինների զգալի աղբյուր է: Բաց այրումը միշտ ուղեկցվում է ծխով և տհաճ հոտով, և առաջանում են մի շարք այնպիսի վտանգավոր նյութեր (դիօքսիններ, ֆուրաններ, պոլիքլորացված բիֆենիլներ, հեքսաքլորբենզոլ), որոնք թերի այրման արգասիքներ են և կարգավորվում են Ստոկհոլմի կոնվենցիայով: Այս հիմնախնդիրը արդիական է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ հանրապետությունում բացակայում են թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարաններ, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոններ: Վերոհիշյալ նկատառումներից ելնելով, քանի որ նոր պոլիգոնների ստեղծումը կպահանջի ժամանակ և ներդրումներ, ծրագիրը կոչված է ցուցադրելու, որ կարելի է համեմատաբար ցածր ներդրումների, մատչելի տեխնոլոգիաների կիրառման դեպքում ավելի լավ կառավարել հին աղբավայրերը` կտրուկ նվազեցնելով հիմնական էկոլոգիական հիմնախնդիրները, միևնույն ժամանակ ակնկալելով նոր առաջնակարգ պոլիգոնների ստեղծում: