Սույն թվականի օգոստոսի 2-ին «Դիլիջան» Ազգային Պարկ ՊՈԱԿ-ի աշխատակիցները, Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) և Կոկա-Կոլա ընկերության հայաստանյան ներկայացուցչությունները համատեղ իրականացրել են «Դիլիջան» Ազգային Պարկի տարածքում գտնվող Բլդան գետի հարակից տարածքների մաքրման աշխատանքներ: Դիլիջան ԱՊ տնօրեն Սահակ Մուրադյանը, ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» և WWF-ի այս նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ այս քայլը օրինակելի կդառնա այլ ընկերությունների համար ևս, ինչպես նաև կոչ արել տարածքում իրենց հանգիստը կազմակերպող քաղաքացիներին լինել հոգատար բնության նկատմամբ և պահպանել ազգային պարկի տարածքի մաքրությունը: WWF հայաստանյան գրասենյակի տնօրեն Կարեն Մանվելյանն իր խոսքում նշել է. ««Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ համատեղ Բլդան գետի հարակից տարածքները մաքրելու այս որոշումը քաղցրահամ ջրերի պահպանության նկատմամբ ուշադրություն քարոզելու և սեփական փորձով օրինակ ծառայելու ևս մեկ նախաձեռնություն է: Ամառային օրերին իրենց հանգիստը կազմակերպելու համար մարդիկ նախընտրում են գետերի հարակից տարածքները, հատկապես, որ այստեղ տեղադրված են տաղավարներ, սակայն ցավոք, հեռանալիս թողնում են աղբը` աղտոտելով շրջակա միջավայրը: Այս վայրի ընտրությամբ նաև ձգտում ենք բարձրացնել մարդկանց ուշադրությունը բնության հատուկ պահպանվող տարածքների նկատմամբ»: Մաքրման աշխատանքներից հետո ազգային պարկի տարածքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության կողմից տեղադրվել են նախազգուշական ցուցանակներ: