Հուլիսի 20-ին Հայաստանի Հանրապետությունում ՄԱԿ-ի գրասենյակի նիստերի դահլիճում տեղի է ունեցել ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության կողմից ֆինանսավորվող Հայաստանում ԵՄ առաքելության «Կանաչ տնտեսություններ Արևելյան հարևանության տարածաշրջանում» ծրագրի համատեքստում <<Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն>> ծրագրի երկրորդ փուլի մեկնարկի սեմինարը, որը կազմակերպել էր Կովկասի ռեգիոնալ էկոլոգիական կենտրոնը: Ծրագրի գլխավոր նպատակն է Արևելյան գործընկերության երկրներում ներառյալ Հայաստանում, բարելավել թիրախային արդյունաբերական ոլորտների փոքր և միջին ձեռնարկատերերի բնապահպանական գործունեությունը և ռեսուրսների արդյունավետությունը` դրանով իսկ նպաստելով կայուն արդյունաբերական զարգացմանը և զբաղվածության ու եկամուտների մակարդակի բարձրացմանը` մասնավորապես գյուղատնտեսական և շինարարական նյութերի արտադրության ոլորտում: Ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ Հայաստանը կարևորում է բնապահպանական կայուն քաղաքականության իրականացումը, հետևաբար ծրագիրը մեծ նշանակություն ունի Հայաստանի Հանրապետության համար, հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեր երկրում արդեն իսկ ստեղծվել են <<Կանաչ տնտեսության>> ձևավորման, այդ թվում ռեսուրսների արդյունավետ օգտագործման և մաքուր արտադրության նախադրյալներ: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության բնապահպանական ծրագրերի պատասխանատու Ջոն Բարքերն իր ողջույնի խոսքում բարձր է գնահատել ԵՄ-Հայաստան համագործակցությունը` հատկապես ընդգծելով ՀՀ կառավարության, ի դեմս Բնապահպանության նախարարության, ցուցաբերած նախաձեռնողականությունը փոխգործակցության և բնապահպանական խնդիրների լուծման հարցերում: Ելույթներով հանդես են եկել նաև ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Անահիտ Սիմոնյանը, «Ռեսուրսների արդյունավետություն և մաքուր արտադրություն» ծրագրի ազգային համակարգող Նունե Հարությունյանը: Հանդիպման ժամանակ ներկայացվել է Ռեսուրսների արդյունավետության և մաքուր արտադրության հասկացությունը, գործիքները, կիրառման եղանակներն ու օրինակները, մեթոդաբանությունը, հաջողված օրինակները և ծրագրի հետագա գործողությունները: