ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի հերթական նիստում քննարկվել են Սևանա լճի ավազանում անտառների հիմնման առանձնահատկություններին և գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդաբանությանը վերաբերող հարցեր: Խորհրդի անդամների հաստատմանը ներկայացնելով օրակարգի երկու հարցերը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հայտնել է, որ անհրաժեշտություն էր առաջացել քննարկել և գիտատեխնիկական խորհրդի անդամներից պարզել այն մոտեցումները, թե Սևանա լճի ավազանում անտառածածկ տարածքների ընդլայնումն իրականացնելու ժամանակ ինչպիսի ծառատեսակներ և մեթոդաբանություն ընտրել, որպեսզի ապահովվի բարձր կպչողականություն և աշխատանքների արդյունավետություն: Գիտատեխնիկական խորհրդի անդամ, կենսաբանական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ղուլիջանյանը, ներկայացնելով օրակարգային առաջին հարցը, հայտնել է, որ ՀՀ գեղարքունիքի մարզն ամենասակավանտառն է /տարածքի 3 տոկոսն է անտառապատ/: Այդ պատճառով ՀՀ կառավարությունը 2012թ. նոյեմբերի 15-ին ընդունել է «Սևանա լճի շրջակայքում նոր անտառաշերտի հիմնման ծրագիրը հաստատելու մասին» N 1441-Ն որոշումը: Ծրագրի հիմնական նպատակն է Սևանա լճի և դրա ջրհավաք ավազանի էկոլոգիական հավասարակշռության վերականգնումը, ինչի համար անհրաժեշտ պայման է նաև Սևանա լճի ավազանի անտառածածկ տարածքների ընդլայնումը: Միջոցառման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև լճի մակարդակի բարձրացման հետևանքով իրականացված ջրածածկ անտառային շերտի մաքրման աշխատանքների արդյունքում դրանց ծավալների կրճատումով: Ծրագրով նախատեսվում է 2014-23թթ. ընթացքում իրականացնել 1094,5 հա տարածքում անտառային տարածքների վերականգնում: Բանախոսը տեղեկացրել է, որ <<Կլիմա Իստ պիլոտային ծրագիր, Հայաստանում տեղական համայնքների համար կլիմայի փոփոխության նվազեցման և հարմարվողականության օգուտները ցուցադրելու նպատակով անտառների և արոտավայրերի կայուն կառավարում>> ծրագրի շրջանակներում ՀՀ Գեղարքունիքի մարզի Ծովակ համայնքի վարչական տարածքում համայնքային կառավարման 18,2 հա և <<Սևան>> ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքներն արդեն ընթացքի մեջ են: 6 հեկտար տարածքի վրա արդեն ավարտվել են «Սևան» ազգային պարկի» կողմից իրականացված ծառատունկի աշխատանքները: Ընտրվել են պտղատու ծառերի տնկիներ, որպեսզի բացի բնապահպանական խնդիրներից, լուծվեն նաև հարակից համայնքների սոցիալական խնդիրներ: Նման առաջարկություն է եղել նաև համայնքների կողմից, այդ պատճառով ընտրվել են անտառային տանձենու և խնձորենու, սովորական սալորենու, բալենու, ընկուզենու և վայրի ծիրանենու տնկիներ: Գիտատեխնիկական խորհրդի անդամներին տեղեկացվել է, որ <<Սևան>> ազգային պարկի կառավարման 15 հա տարածքներում նոր անտառների հիմնման աշխատանքներին զուգահեռ, ցանկապատվել է նաև նախկինում տնկված դեղին ակացիաների անտառային շերտը, ինչի արդյունքում տեղի է ունեցել բնական անտառվերականգնում, որը կապահովի լրացուցիչ 10 հեկտար անտառային տարածք: Անդրանիկ Ղուլիջանյանը բարձրացրել է նաև խորհրդային տարիներին մեծ խտությամբ տնկված սոճու անտառների խնդիրը: Վերոհիշյալ անտառներում ծառերի մեծ մասը չորացել են, իսկ հրդեհի դեպքում ծառերի խտության պատճառով անհնար կլինի հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնել: Բանախոսը հայտնել է, որ նոսրացման աշխատանքներն անհրաժեշտություն են: Գիտատեխնիկական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ նոսրացման աշխատանքները պետք է սկսվեն միայն մասնագիտական հիմնավորված եզրակացություն տրամադրելուց, բոլոր ծառերը համարակալելուց հետո և գործընթացը պետք է թափանցիկ անցկացվի քաղաքացիների և բնապահպանական հասարակական կազմակերպությունների համար: Նախարարը ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է հաշվի առնելով վերոհիշյալ առաջարկները մշակել և նախարարի հաստատմանը ներկայացնել սանիտարական էտի նախագիծ: Անդրանիկ Ղուլիջանյանը խորհրդի քննարկմանն է ներկայացրել Սևան-Դիլիջան մայրուղու ՀՀ Գեղարքունիքի մարզի հատվածի անտառազուրկ լինելու խնդիրը, այն դեպքում, երբ Տավուշի մարզի հատվածում այն ամբողջովին անտառապատ է: Գիտատեխնիկական խորհրդի նախագահը, կարևորելով մարզում անտառապատման նոր տարածքների ընդլայնումը, Կենսառեսուրսների կառավարման գործակալության պետին հանձնարարել է «Սևան» ազգային պարկի հետ համատեղ ուսումնասիրել ոռոգման և տնկիների ձեռքբերման հնարավորությունները` վերոհիշյալ հատվածում անտառտնկման աշխատանքներն իրականացնելու նպատակով: Էկոլոգիական թողքերի հաշվարկման մեթոդաբանության հարցերը ներկայացրել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վիլեն Սարգսյանը: Զեկույցում նշվել է, որ ԱՄՆ միջազգային զարգացման գրասենյակի աջակցությամբ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի շրջանակներում մշակված գետերի էկոլոգիական թողքի հաշվարկման նոր մեթոդոլոգիան: Ի տարբերություն գործողի, նոր մեթոդոլոգիան թույլ կտա յուրաքանչյուր ամսի համար հաշվարկել էկոլոգիական թողքը: Ըստ նոր մեթոդաբանության` գետերում էկոլոգիական թողքն ավելի մեծ կլինի, քան ներկայում կիրառվող մեթոդաբանությամբ: Բանախոսը տեղեկացրել է, որ աշխատանքներն ավարտական փուլում են, սակայն աշխատանքային խումբը դժվարությունների առաջ է կանգնած` չունենալով հաշվարկի համար անհրաժեշտ Հայաստանի գետերի հոսքի վերջին 40 տարիների վիճակագրական ամբողջ տվյալները, քանի որ դրանք թվայնացված չեն: Արամայիս Գրիգորյանը հանձնարարել է Ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետին, դիմելով լիազոր պետական մարմնին, ստանալ անհրաժեշտ տվյալները: Քննարկման ընթացքում աշխատանքային խմբին առաջարկվել է էկոլոգիական թողքի հաշվարկման մեթոդը մշակելիս հաշվի առնել վերջին 10-15 տարում գետերի հիդրոլոգիական և էկոլոգիական վիճակը` կապված կլիմայի փոփոխության և մարդածին գործոնների հետ: Խորհրդակցության ավարտին ՀՀ բնապահպանության նախարարին կից գիտատեխնիկական խորհրդի նախագահ Արամայիս Գրիգորյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել արդյունավետ քննարկման համար և մաղթել արդյունավետ աշխատանք: