ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացրել <<Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1515-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը, որով ՀՀ բնապահպանության նախարարությանը ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 7.6 մլն.դրամ է հատկացվում <<Սևանա լճում և նրա ջրահավաք ավազանում ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման ծառայություններ>> ծրագրի իրականացման համար: Ծրագրի իրականացումը նախատեսված է ՀՀ կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 9-ի «Սևանա լճի արդյունագործական և էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման ծրագիրը հաստատելու մասին» N 1755-Ն որոշմամբ հաստատված միջոցառումների ծրագրի 1-ին և 2-րդ կետերով: ՀՀ բնապահպանության նախարարը մասնավորապես նշել է. «Սևանա լճի ջրահավաք ավազանում էնդեմիկ ձկների վերարտադրության ապահովման համար անհրաժեշտ է ձկան և խեցգետնի պաշարների մոնիթորինգ, դրանց ծավալների վերաբերյալ հավաստի տվյալների ստացում/առկայություն/: Սևանա լճում ձկան և խեցգետնի պոպուլյացիայի չափատարիքային, սեռական կազմի ու թվաքանակի վերաբերյալ հետազոտությունների արդյունքում ստացված տվյալների հիման վրա հնարավոր կլինի համապատասխան միջոցառումներ մշակել ձկան և խեցգետնի պաշարների օգտագործման և Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռությունը վերականգնելու և պահպանելու միջոցառումների մշակման համար»: Որոշման նախագիծն արժանացել է ՀՀ կառավարության հաստատմանը և ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: