ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը Եվրոպական կլիմայական դիվանագիտության օրվա շրջանակներում ընդունել է կլիմայական փոփոխությունների և գլոբալ տաքացման վտանգներով մտահոգ Հայաստանում ԵՄ երկրների դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների պատվիրակությանը: Արամայիս Գրիգորյանը, կարևորելով կլիմայական փոփոխությունների դեմ պայքարում համամարդկային ջանքերի համախմբումը և ողջունելով ԵՄ կողմից օրվա շրջանակներում հանդիպում կազմակերպելու նախաձեռնությունը, մասնավորապես նշել է. "Կլիմայական փոփոխությունները և դրանց վտանգավոր հետևանքները սահմաններ չեն ճանաչում, ուստի բոլոր երկրները, անկախ այդ փոփոխությունների վրա ունեցած ազդեցության չափից, պարտավոր են վճռական քայլեր ձեռնարկել` ապագայում անդառնալի հետևանքներից խուսափելու նպատակով: Սա է պատճառը, որ ՀՀ-ում թեև ջերմոցային գազերի արտանետման ծավալները նշանակալից չեն, այնուամենայնիվ, այս ուղղությամբ մենք ակտիվորեն համագործակցում ենք տարբեր եվրոպական և միջազգային կառույցների հետ և պատրաստակամ ենք կամավոր պարտավորություններ ստանձնել արտանետումների ծավալների նվազեցման ուղղությամբ: Մենք կիսում ենք միջազգային հանրության մտահոգությունները գլոբալ ջերմաստիճանի բարձրացման հետևանքների կանխման հրատապության առումով, և մեր դիրքորոշումը հայտնել ենք դեռևս 2014թ.-ին Նյու-Յորքում` ՄԱԿ-ի գագաթնաժողովում` Կլիմայի օրվա հանդիպման շրջանակներում: ՀՀ-ն կլիմայական համաձայնագրի ներքո պարտավորությունների մշակման ժամանակ նախատեսում է ստանձնել հավակնոտ նպատակներ, որոնք ներդաշնակ կլինեն մեր տնտեսական զարգացման հեռանկարներին": ՀՀ-ում ԵՄ պատվիրակության գործերի ժամանակավոր հավատարմատար Դիրկ Լորենսը, գնահատելով նախարարի ուշադրությունն ու մտահոգությունները կլիմայական փոփոխությունների և առաջիկա մարտահրավերների առումով, իր շնորհակալությունն է հայտնել պատվիրակության ընդունելությունը կազմակերպելու համար, ընդգծելով. "ԵՄ-ն ի սկզբանե հանդիսանում է կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի ջատագովներից և արդեն հայտնել է իր քանակական պարտավորությունները, սակայն, խնդիրը գլոբալ բնույթ է կրում և անհրաժեշտ է համախմբել ջանքերը` կանխելու համար կլիմայական փոփոխությունների վատթարագույն հետևանքները և ջերմաստիճանի բարձրացումը` մինչև 20C: Այս առումով 2015թ. վճռական տարի է, քանի որ դեկտեմբերին Փարիզում Կլիմայի փոփոխության գագաթնաժողովում պետք է ընդունվի մի փաստաթուղթ, որը իրավական ուժ կունենա և կկանոնակարգի երկրների ներդրումների և պարտավորությունների շրջանակները: Մենք ողջունում ենք Հայաստանի կամքը` նախատեսվող միջոցառմանն առավել հավակնոտ ծրագրով հանդես գալու համար, և մեր պատրաստակամությունն ու հանձնառությունն ենք հայտնում աջակցելու զարգացող երկրներին այս հարցում և բոլոր երկրներից ակնկալում ենք ակտիվ և արդյունավետ աշխատանք Փարիզ 2015-ին ընդառաջ: Մենք պետք է հասկանանք, որ սա պատմական պահ է, որը մենք իրավունք չունենք բաց թողնելու` ի շահ հաջորդ սերունդների": ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար պարոն Նիկոլաս Ֆայեն, իր խոսքում ընդգծել է. "Մեզ ընդամենը 200 օր է բաժանում Փարիզ 2015-ի կարևորագույն իրադարձությունից, որի առավել արդյունավետ անցկացման և ցանկալի արդյունքի հասնելու համար պետք է ավելի արագ գործել, քանի որ ժամանակը չի սպասում և հարկ է հավուր պատշաճի պատրաստվել այդ համաժողովին: Մեր նպատակն է այս տարվա դեկտեմբերին Փարիզում ընդունել առավել ճկուն, հակիրճ, համապարփակ և իրավական ուժ ունեցող փաստաթուղթ, որն ընդունելի կլինի բոլոր երկրների համար, և որով կառաջնորդվեն ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրները: Նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բոլոր երկրները հակված են Փարիզ 2015-ի արդյունքում հասնելու այդպիսի փաստաթղթի ձևակերպմանը, որի միջոցով հնարավոր կլինի կանխել ջերմաստիճանի բարձրացումը": Շահագրգիռ քննարկումների արդյունքում կողմերը մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերել մինչև դեկտեմբեր ամիսը մի շարք հանդիպումներ ունենալու և գործողությունների ծրագրերը քննարկելու և համաձայնեցնելու ուղղությամբ: Հանդիպման ավարտին նախարար Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ միջազգային հանրության միասնական ջանքերը կտան իրենց ցանկալի արդյունքը և կմեղմեն կլիմայական փոփոխությունների բացասական ազդեցությունը երկրագնդի վրա: