ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.06.2015
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՈՂ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄ

«Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ն իրականացնում է «Հզորությունների ստեղծում ՀԿ-ների համար` շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների ընդունման գործընթացին արդյունավետ մասնակցության համար` համապատասխան գործիքների մշակման և իրազեկվածության մակարդակի բարձրացման միջոցով» ծրագիրը: Այն իրականացվում է «Բնապահպանական կառավարման հզորացում ոչ-կառավարական կազմակերպությունների (ՈԿԿ) կարողությունների զարգացման միջոցով» ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է Եվրոպական Միության (ԵՄ) կողմից, իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի (ՄԱԶԾ) ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի միջոցով: «Շրջակա միջավայրի իրավական պահպանության կենտրոն» ՀԿ-ի կողմից իրականացվող ծրագրի գործընկերներն են ՀՀ բնապահպանության նախարարությունը, ՀՀ արդարադատության նախարարությունը և ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի Էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը: Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության որակը՝ ստեղծելով համապատասխան գործիքներ, որոնք կբարձրացնեն հասարակության իրազեկվածության մակարդակը, կնպաստեն ոլորտի թափանցիկությանը և պետական մարմինների հետ կառուցողական երկխոսությանը: Դրված նպատակը համահունչ է Օրհուսի կոնվենցիայի համաձայն ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին և ուղղված է ամրապնդելու ժողովրդավարական սկզբունքները և իրավունքի գերակայությունն այս ոլորտում: Ծրագրի առաջին փուլի շրջանակներում մշակվել և հրատարակվել է «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության» ուղեցույցը, որի շնորհանդեսը, ինչպես նաև համապատասխան դասընթացներ անցկացվել են Հայաստանի բոլոր մարզերում (առավելապես Օրհուս կենտրոններում): Դասընթացներին մասնակցել են տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, քաղաքացիական հասարակության, ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղի ակտիվ երիտասարդությունը (150 մասնակից): Սեմինարների ընթացքում մասնակիցները հատկապես ընդգծել են էկոլոգիական կրթության համատեքստում անհրաժեշտ իրավական գիտելիքների ու հմտությունների փոխանցման կարևորությունը: Միաժամանակ, արդյունավետ մասնակցության խոչընդոտների շարքում հիշատակվել է տեղական կազմակերպությունների ներգրավվածության ցածր մակարդակը, ինչպես նաև «թույլ» հետադարձ կապը: Ուղեցույցի ամփոփիչ շնորհանդեսը կայացել է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնում ս.թ. մայիսի 21-ին, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են նաև ծրագրի հաջորդ փուլերի շրջանակներում նախատեսվող հիմնական գործողությունները և դրանց հիմքում դրված մոտեցումները: Ներկայացվել են նաև մարզային դասընթացների արդյունքների քանակական և որակական վերլուծության ամփոփ ցուցանիշները: Ուղեցույցի էլեկտրոնային տարբերակը մատչելի է ԵՊՀ էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ինտերնետային կայքում (http://www.elrc.ysu.am/upload/246.pdf), իսկ ծրագրի 2-րդ փուլի ավարտից հետո կտեղադրվի նաև մշակվելիք ինտերնետային պորտալում (www.ecolex.am): Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերի շրջանակներում համապատասխանաբար պատրաստ կլինեն հետևյալ արդյունքները. 1. Էլեկտրոնային հարթակ` (www.ecolex.am), որը կդառնա միասնական հարթակ շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակության մասնակցության համար: Կայքում կտեղադրվեն ինչպես ՀՀ Ազգային ժողովի, այնպես էլ ՀՀ բնապահպանության նախարարության և այլ շահագրգիռ գերատեսչությունների կողմից մշակված այն իրավական ակտերի նախագծերը, որոնք առնչվում են շրջակա միջավայրի պահպանությանը և բնական ռեսուրսների օգտագործմանը: Կայքում տեղադրվելիք էլեկտրոնային գործիքների համակարգը հնարավորություն կընձեռի օգտվողներին առցանց ռեժիմով իրավական ակտերի վերաբերյալ կատարել դիտողություններ և առաջարկներ, որոնք մատչելի կլինեն կայքի բոլոր այցելուների համար: 2. «Շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի մշակման գործընթացին հասարակայնության մասնակցության կարգը հաստատելու մասին» ՀՀ Կառավարության որոշման և ուղեկցող փաստաթղթերի փաթեթի մշակում. իրավական ակտի նախագիծը և ուղեկցող փաստաթղթերը մշակվելու են ՀՀ բնապահպանության և ՀՀ արդարադատության նախարարության հետ համատեղ` քաղաքացիական հասարակության անդամների մասնակցությամբ: Ակնկալվում է, որ ծրագրի իրականացման արդյունքում էականորեն կբարելավվի շրջակա միջավայրին վերաբերող իրավական ակտերի նախագծերի մշակման շրջանակներում համապատասխան պետական մարմինների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցությունը, կձևավորվեն անհրաժեշտ հզորություններ իրազեկված մասնակցության համար, կամրապնդվի փոխադրաձ վստահության մթնոլորտը և քաղաքացիական հասարակաության պատասխանատվությունը նախապատրաստվող և ընդունվող նախագծի իրականացման վերաբերյալ: