ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2015
Անցկացվել են Բնապահպանի օրվան նվիրված միջոցառումներ

ՀՀ բնապահպանության նախարարությունը հունիսի 5-ին, «Պողոսյան պարտեզներ» ընկերության այգում անցկացրել է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան և «Բնապահպանի օրվան» նվիրված միջոցառումներ: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության ներկայացուցիչներ, Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված պետությունների դեսպաններ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կազմակերպությունների և գործարար ոլորտի ներկայացուցիչներ: Բնապահպանական նվաճումների ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցել են շուրջ 50 կազմակերպություն` ՀՀ ԲՆ կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումներ, բնապահպանական միջազգային կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և կրթօջախներ, կանաչ տեխնոլոգիայի արտադրությամբ զբաղվող ընկերություններ, մշակույթի կենտրոններ: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել ՀՀ փոխվարչապետ,միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ՀՀ ՄԱԿ-ի դեսպան Բրեդլի Բուզետտոն: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն շնորհավորելով ներկաներին` իր ելույթում ասել է. « Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար: Հայաստանը տարածաշրջանում ունի ամենահարուստ կենսաբազմազանությունը և այն պահպանելու, արժանապատվորեն մեր սերունդներին փոխանցելու խնդրի առաջ ենք կանգնած: Այդ պատճառով շրջակա միջավայրի պաշտպանության օրվա խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է ուղեկցի մեզ յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վեր հանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի: Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և դառնա Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը: Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այս խորհուրդն է իր մեջ ներառում ՄԱԿ-ի կողմից հռչակված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը`«Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ: Սպառիր խնայողաբար»: Այն հերթական անգամ հիշեցնում է, որ մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար»: Միջոցառմանն անցկացվել են նաև մանկական նկարչական ֆլեշմոբ և «Նոր շունչ օգտագործված իրերին մանկան ձեռքերով» միջոցառումները: Ելույթ են ունեցել Ավետ Տերտերյանի անվան արվեստի դպրոցի ստեղծագործական խմբերը: