ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.06.2015
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ուղերձը Բնապահպանի օրվա կապակցությամբ

«Հունիսի 5-ին երկրագնդի բնակչությունը նշում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: Հայաստանի Հանրապետությունում նշվում է Բնապահպանի օրը: Այն հերթական հնարավորությունն է հասարակության ուշադրությունը բևեռելու շրջակա միջավայրի խնդիրների վրա: Օրվա խորհուրդը հատկապես կարևոր է մեր ժողովրդի համար: Հայաստանը տարածաշրջանում ունի ամենահարուստ կենսաբազմազանությունը և այն պահպանելու, արժանապատվորեն մեր սերունդներին փոխանցելու խնդրի առաջ ենք կանգնած: Այդ պատճառով շրջակա միջավայրի պաշտպանության օրվա խորհուրդը չպետք է սահմանափակվի միայն հունիսի 5-ով, այլ պետք է ուղեկցի մեզ յուրաքանչյուր օր, որպես հերթական առիթ՝ վերհանելու և լուծելու բնապահպանական խնդիրները՝ ի շահ մեր քաղաքացիների բարօրության ու բարեկեցության, ապագա սերունդների բնականոն կյանքի: Հայրենի բնության պահպանությունը պետք է լինի յուրաքանչյուրիս առաքելությունը, ինչի գիտակցումը մեզ պետք է ուղեկցի ամենուր և ամեն վայրկյան: Շրջակա միջավայրի պահպանության գաղափարը պետք է իր կայուն տեղն ունենա մեր ժողովրդի հիմնարար արժեքների կողքին և դառնա Հայոց պետականության զարգացման կայուն հենասյուներից մեկը: Մարդը պետք է բնությունից վերցնի այնքան, ինչքան անհրաժեշտ է առաջնային կենսական պահանջները բավարարելու համար: Այս խորհուրդն է իր մեջ ներառում ՄԱԿ-ի կողմից հռչակած Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա այս տարվա կարգախոսը` «Յոթ միլիարդ ցանկություն` մեկ մոլորակ: Սպառիր խնայողաբար»: Այն հերթական անգամ հիշեցնում է, որ մենք մայր բնության սահմանափակ ռեսուրսները շռայլելու իրավունք չունենք: Կոչ եմ անում մեր քաղաքացիներին՝ համատեղել մեր ջանքերը հայրենի բնաշխարհի պահպանության և այն սերունդներին փոխանցելու կարևորագույն առաքելությունն իրականացնելու համար»: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան