Այսօր Երևանում մեկնարկել է Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի տարեկան հանդիպումը, որը կտևի մինչև ս.թ. մայիսի 28-ը: Հանդիպմանը մասնակցել են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի 11 երկրների (Ալբանիա, Հայաստան, Բոսնիա և Հերցեգովինա, Վրաստան, Ղրղզստան, Մակեդոնիա, Մոլդովա, Մոնտենեգրո, Սերբիա, Թուրքմենստան), ինչպես նաև անցումային տնտեսություն ունեցող 5 երկրների (Բելառուս, ՌԴ, Տաջիկստան, Ուկրաինա և Ուզբեկստան) ազգային համակարգողներ և Սառնարանային ասոցիացիաների ղեկավարներ: Հանդիպմանը ներկա են գտնվել Օզոնի քարտուղարության, ՄԱԿ-ի շրջակա միջավայրի փարիզյան մասնաճյուղի, Արդյունաբերական ծրագրի և միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հերթական տարեկան ժողովը նպատակ է հետապնդում աջակցելու Օզոնի ազգային կենտրոններին օզոնաքայքայիչ նյութերի փոխարինման գործընթացների արդյունավետ իրականացման, Մոնրեալի արձանագրությամբ ստանձնած պարտավորությունների կատարման, ազգային սառնարանային ասոցիացիաների գործունեության, օզոնաանվտանգ տեխնոլոգիաներին անցնելու, ինչպես նաև սառնարանային տեխնիկայի մասնագետների և մաքսային ծառայողների վերապատրաստման գործընթացներում: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով և արդյունավետ աշխատանքային օրեր մաղթելով մասնակից երկրների ներկայացուցիչներին, նշել է. «Շարունակվող բնակլիմայական փոփոխությունները, որոնք հետևանք են նաև օզոնային շերտի քայքայման, ստիպում են մեզ լինել ավելի շրջահայաց և վճռական մեր որոշումներում՝ կատարելագործելու առկա այն գործիքակազմը, որը հնարավորություն կընձեռի համատեղ ուժերով լուծելու կարևորագույն այս ոլորտում ծագող խնդիրները: 2012 թվականին փոփոխություն է կատարվել ՀՀ կառավարության «Օզոնային շերտը քայքայող նյութերի ցանկը հաստատելու և ներմուծման ընդհանուր չափաքանակները սահմանելու մասին» N 327-Ն որոշման մեջ, ինչի շնորհիվ Հայաստանում արդեն ապահովվել է ՀՔՖԱ-ների (հիդրոքլոր ֆտորածխածինների) 10 տոկոսով կրճատումը ի համեմատ 2009-2010 թվականների միջին մակարդակների: Վստահաբար կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը ոլորտի հետ կապված իր ստանձնած պարտավորությունները շարունակում է բարեխղճորեն կատարել՝ համագործակցելով միջազգային համապատասխան կառույցների հետ: Միաժամանակ անհրաժեշտ է բարձրաձայնել, որ թեև արված է բավականին մեծ աշխատանք և արձանագրվել են արդյունքներ, սակայն այնուամենայնիվ դեռ կան շատ անելիքներ բնագավառում գոյություն ունեցող մյուս հարցերի շարունակական լուծումներն ապահովելու համար»: Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն, մասնավորապես նշելով. «Օզոնային շերտի քայքայումը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ մեր կյանքի վրա` սկսած մարդու առողջությունից, շրջակա միջավայրի պահպանության վտանգումից մինչև ազգային անվտանգության և միջազղգային հարաբերություններում ծագող խնդիրներ: Լինելով Բազմակողմանի հիմնադրամի իրականացնող գործակալություններից մեկը` ՄԱԶԾ-ն աջակցում է երկրներին տեխնոլոգիայի փոխարինման հարցում` ակնկալելով օզոնաքայքայիչ նյութերի կրճատում և Մոնրեալի արձանագրության երկրների կողմից ստանձնած պարտավորությունների կատարում»: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային օզոնային ցանցի համակարգող Հալվարտ Քոփենը, շնորհակալություն հայտնելով ՀՀ բնապահպանության նախարարությանը տարեկան ժողովը ՀՀ-ում հյուրընկալելու համար, ինչպես նաև գործընկեր կազմակերպություններին` համաժողովի անցկամանն աջակցելու համար հույս է հայտնել, որ Հայաստանում հավաքված 20-ից ավելի երկրների ներկայացուցիչները եռօրյա աշխատանքների ընթացքում կկարողանան արդյունավետ կերպով փորձի փոխանակում իրականացնել և գտնել իրենց երկրների առջև ծառացած խնդիրների լուծման արդյունավետ եղանակները: