ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2015
Ստորագրվել է <<Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում>> ծրագրային փաստաթուղթը

Հայաստանի Հանրապետությունը 2003թ. հոկտեմբերի 22-ին վավերացրել է "Կայուն օրգանական աղտոտիչների մասին" Ստոկհոլմի կոնվենցիան՝ ստանձնելով մի շարք պարտավորություններ: Կոնվենցիայի դրույթների համաձայն` Հայաստանը ստանձնել է պարտավորություն մինչև 2025 թվականը ոչնչացնել երկրում առկա ժամկետանց քլորօրգանական թունաքիմիկատները, մասնավորապես՝ լիկվիդացնել Նուբարաշենի թունաքիմիկատների գերզմանոցում տեղադրված և հանրապետության այլ վայրերում պահպանված կայուն օրգանական նյութեր պարունակող վտանգավոր թափոնները: Այսօր ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուզետտոն ստորագրել են "Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացումը և քիմիկատների կայուն կառավարման շրջանակներում կայուն օրգանական աղտոտիչներով (POPs) աղտոտված տարածքների խնդիրների կարգավորումը Հայաստանում" ծրագրային փաստաթուղթը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով և կարևորելով փաստաթղթի ստորագրումը, նշել է. "Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ կառավարությունը պարբերաբար գումարներ է հատկացրել Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի անվտանգությունն ապահովելու և գերեզմանոցի կոնսերվացման աշխատանքներն իրականացնելու համար, այնուամենայնիվ այն մնում է որպես վտանգավոր օբյեկտ շրջակա միջավայրի և մարդու առողջության համար, քանի որ գտնվում է մի կողմից՝ ակտիվ սողանքային գոտում, իսկ մյուս կողմից՝ կառուցվել է 80-ական թվականներին առանց տարածքի ինժեներաերկրաբանական ուսումնասիրության և պահանջվող տեխնիկական նորմերի կիրառման: Արդեն ժամանակն է վերջնական լուծում տալու երկրում առկա ժամկետանց թունաքիմիկատների ոչնչացման հիմնախնդրին, այսինքն՝ լիկվիդացնելու Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված թափոնները, վնասազերծելու և վերականգնելու թունաքիմիկատներով աղտոտված տարածքները, որին և ուղղված է սույն ծրագիրը: Այն կնպաստի մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա ժամկետանց թունաքիմիկատների անբարենպաստ ազդեցության կանխարգելմանը»: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանը առաջարկում է եղած ժամկետանց պեստիցիդները տեղափոխել երրորդ երկիր, որտեղ համապատասխան տեխնոլոգիաներվ իրականացվի այրում և վնաս չհասցվի շրջակա միջավայրին: "Հաշվի առնելով բոլոր գործընկերների՝ կառավարության համապատասխան մարմինների, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության միջև ձևավորված փոխգործակցության ոգին, համոզված ենք, որ այս կարևոր, բայց և բարդ ծրագիրը հաջողությամբ ավարտին կհասցնենք: Ճկունությունը և նորարարությունը պետք է դառնան հիմնական ուղենիշներ ծրագրի իրականացման ընթացքում որոշումների կայացման համար", - իր ելույթում նշել է Բրեդլի Բուզետտոն: Ծրագրի գործողությունները պետք է իրականացվեն` հաշվի առնելով ազգային օրենսդրության պահանջները, մարդու առողջության և շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովող նորմերը, ինչպես նաև մի շարք միջազգային բազմակողմ համաձայնագրերի պահանջները: Ծրագրի տևողությունն է 4 տարի, և իրականացման համար Գլոբալ էկոլոգիական հիմնադրամը (ԳԷՀ) հատկացրել է 4.7 միլիոն ԱՄՆ դոլար դրամաշնորհ: ԳԷՀ-ի ընթացակարգի համաձայն` ազգային կողմից նույնպես պահանջվում է համաֆինանսավորում, ինչը կարող է արտահայտվել ոչ միայն ուղղակի դրամական, այլև իրեղեն մասնակցությամբ՝ նշված հիմնախնդրի լուծմանն ուղղված իրականացված, իրականացվող կամ նախատեսվող գործողություններով, միջազգային կառույցների կողմից նախատեսվող ծրագրերով: Ծրագրի շրջանակներում լիկվիդացվելու են Նուբարաշենի գերեզմանոցում տեղադրված ԿOԱ-ի թափոնները, ինչպես նաև հանրապետության 24 տարբեր տարածքների պահեստարանների մնացորդային ժամկետանց թունաքիմիկատները: Ընդհանուր առմամբ, էկոլոգիապես անվտանգ եղանակներով կոչնչացվեն 1,050 տոննա ԿՕԱ և այլ ժամկետանց թունաքիմիկատներ և կվնասազերծվի բարձր աղտոտվածությամբ 7,100 տոննա հող: Եվս 12,700 տոննա ավելի ցածր մակարդակի աղտոտվածություն ունեցող հողային զանգված կպարփակվի անվտանգ եղանակով: Երկամյա նախապատրաստական փուլի արդյունքում ՄԱԶԾ-ն ՀՀ բնապահպանության, տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների և գյուղատնտեսության նախարարությունների, ինչպես նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի հետ միասին իրականցրել են մանրակրկիտ ուսումնասիորություն և նպատակահարմարության վերլուծություն` մասնավորապես կենտրոնանալով Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում: