ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ստեղծված աշխատանքային խումբը ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքների շրջանակում 2014 թ. նոյեմբերին սկսել էր ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովա համայնքի հարակից տարածքում «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ–ի հաշվեկշռում գտնվող աննախադեպ մեծության՝ մոտ 500 լ/վ ջրատվությամբ վթարային ինքնաշատրվանվող խորքային հորի լուծարման աշխատանքները: Խորքային հորի մեկ տարվա ջրատվությունը կազմում էր 16 մլն մ³: 100 մետր խորություն ունեցող հորի լուծարման հիմնական՝ երրորդ փուլը սկսելու համար, երկրորդ փուլում մի քանի պոմպերի միջոցով կատարվել են լճի վերածված հորատանցքի հարակից տարածքներից ջրահեռացման աշխատանքները: Այն թույլ էր տվել հայտնաբերել հիմնական հորատանցքը, որը տասնամյակների ընթացքում վթարվելու պատճառով մի քանի մետրով տեղաշարժվել էր: Այսօր ավարտվել են լուծարման աշխատանքները: Հորի ամբողջ խորությամբ իրականացվել են խճալցման և կավալցման աշխատանքներ, որին հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: