ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը մայիսի 12-ին` Բնապահպանական կրթության միջազգային օրը, հանդիպել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հենակետային վարժարանի ավարտական դասարանի աշակերտների և ուսուցիչների հետ, որի առաջին սաներից է եղել: Հանդիպման ժամանակ բնապահպանության նախարարի տեղակալը կարևորել է աշակերտների կողմից մասնագիտության ճիշտ ընտրությունը և որակյալ մասնագետ դառնալը: Շեշտվել է ագրոարդյունաբերության ոլորտում էկոլոգիական չափանիշների պահպանության անհրաժեշտությունը և ընդհանրապես` բնապահպանության և գյուղատնտեսության ոլորտների սերտ կապը: Ծավալված շահագրգիռ երկխոսության ընթացքում Խ. Հակոբյանը պատասխանել է աշակերտներին և ուսուցիչներին հետաքրքրող հարցերին: Հանդիպման ավարտին ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը վարժարանի գրադարանին է նվիրել ՀՀ բույսերի ու կենդանիների կարմիր գիրք և այն հանձնել տնօրեն Ռ. Սարգսյանին: Բնապահպանության նախարարի տեղակալը մաղթել է, որ համատեղ ջանքերով շրջակա միջավայրի պահպանությունն արդյունավետ կազմակերպելու շնորհիվ Հայաստանի կարմիր գրքից ապագայում հանվեն գրանցված շատ կենդանական և բուսական տեսակները: