ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համաժողովների դահլիճում այսօր տեղի է ունեցել Երևանում փողոցային էներգաարդյունավետ լուսավորության պիլոտային ծրագրի պաշտոնական շնորհանդեսը` «Մոլորակի ժամ» միջազգային բնապահպանական միջոցառման համատեքստում: Ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի կենտրոնը «Զվարթնոց» միջազգային օդանավակայանին միացնող ճանապարհահատվածում (Իսակովի պողոտա և Թաիրովի փողոց) տեղադրվել են մոտ 500 էներգաարդյունավետ լուսադիոդային լուսատուներ` ապահովելով ճանապարհային մակերեսի գործող պահանջներին համապատասխանող լուսավորվածություն: Նոր համակարգի տեղադրումն ապահովում է էլեկտրաէներգիայի շուրջ 63 տոկոս խնայողություն, ինչը տարեկան կտրվածքով թույլ կտա խնայել մոտ 45,000 ԱՄՆ դոլար և 220 տոննայով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումները: Լուսավորության համակարգի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կողմից իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի /ՄԱԶԾ-ԳԷՖ/00074869/ շրջանակներում՝ համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ ստորագրած նամակ-հուշագրի: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն և Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Միջոցառմանը մասնակցում էին քաղաքաշինության, քաղաքային զարգացման, էներգետիկ անվտանգության ոլորտների համար պատասխանատու գերատեսչությունների, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, նշել է, որ մեկնարկած բնապահպանական միջոցառումը տեղական ինքնակառավարման մարմինների հետ հեռանկարային համագործակցության արդյունք է և հնարավորություն է տալիս նորովի գնահատելու էներգախնայողությունը` որպես բնապահպանական խնդիր: «Երևան քաղաքը, և մասնավորապես, քաղաքային լուսավորության համակարգը, էլեկտրաէներգիայի խոշոր սպառող է, ինչով և պայմանավորված է, որպես հիմնական գործընկեր Երևանի քաղաքապետարանի ընտրությունը՝ ՀՀ բնապահպանության նախարարության համակարգման ներքո իրականացվող «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի համար: Ծրագրի շրջանակներում փողոցային լուսավորության համակարգի արդիականացման բոլոր առավելությունները ցուցադրելու համար, ընտրվել է կարևոր նշանակության ճանապարհահատված, որը կապում է Երևանի կենտրոնը Զվարթնոց օդանավակայանին»,- նշել է Արամայիս Գրիգորյանը: Բնապահպանության նախարարը հայտնել է, որ ցուցադրական նախագծի շնորհանդեսը կազմակերպվել է «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ, քանի որ առաջնայնությունը տրվում է էներգետիկ արդյունավետության բնագավառում իրականացվող նախագծերի կարևորագույն` բնապահպանական նշանակությանը: ««Մոլորակի ժամի» օրվա խորհուրդը մեր պատասխանատվությունն է գալիք սերունդների առջև, և հավաստիացնում եմ, որ Բնապահպանության նախարարությունը, կարևորելով կլիմայի փոփոխության հիմնախնդիրը, հետևողականորեն ներդնում է իր լուման, ինչպես նաև համակարգում է երկրում իրականացվող բոլոր այն գործընթացները, որոնք գումարվում են կլիմայի փոփոխությունը զսպելու համամոլորակային ջանքերին»,- հավելել է Արամայիս Գրիգորյանը: Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Բրեդլի Բուսետտոն իր ողջույնի խոսքում կարևորել է էներգաարդյունավետության բարձրացումը և վերականգնվող էներգիայի առավել լայն կիրառումը Հայաստանում՝ երկրի հետագա էներգետիկ անվտանգության տեսանկյունից: «Ցածր ածխածնային ռազմավարությունը բավական հավակնոտ, սակայն իրատեսական նպատակ է Հայաստանի համար, ինչն առավել հասանելի է դառնում` նորարարական տեխնոլոգիաների առաջընթացին զուգահեռ: ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի տեսանկյունից այս նախագիծը ռազմավարական նշանակություն ունի երկրի համար, քանի որ Հայաստանն էներգաարդյունավետ տեխնոլոգիաների զարգացման մեծ ներուժ ունի: Թեև փոքրամասշտաբ, բայց հաջողված այս համատեղ նախագիծը սահմանում է էներգաարդյունավետ լուսավորության նոր չափանիշներ և մենք պետք է համագործակցենք Հայաստանի կառավարության և դոնոր համայնքի հետ այս հաջողված ծրագիրն ընդլայնելու համար»,-հայտարարել է ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչը: ՄԱԶԾ-ն նմանատիպ ծրագիր է իրականացնում Ալավերդի քաղաքում: Նախատեսում է Երևանի կենդանաբանական այգին ևս ապահովել նոր, էներգաարդյունավետ լուսավորության համակարգով: Լուսավորությունը (ջեռուցումից հետո) Հայաստանի քաղաքներում ջերմոցային գազերի արտանետումների երկրորդ խոշորագույն աղբյուրն է և կազմում է քաղաքների ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումների մոտ մեկ երրորդը և քաղաքների էլեկտրաէներգիայի ծախսերի մինչև 50 տոկոսը: Քաղաքային լուսավորության առումով Երևանն ամենախոշոր սպառողն է և ծախսում է երկրում քաղաքային լուսավորության համար սպառվող ամբողջ էներգիայի մոտ 90 տոկոսը: Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը շնորհակալություն է հայտնել Բնապահպանության նախարարությանը և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին արդյունավետ համագործակցության և Երևան քաղաքը նշված ծրագրում ընդգրկելու համար և նշել. «Երևան քաղաքը` որպես հանրապետության մասշտաբով քաղաքային լուսավորության բնագավառում ամենախոշոր սպառող՝ ավելի մեծ պատասխանատվություն է կրում թե՛ ռեսուրսների արդյունավետ կառավարման, և թե՛ արտանետումների կրճատման առումով։ Այսպես, «կանաչ տնտեսական զարգացման» խրախուսման, ինչպես նաև բնակիչների կյանքի որակի բարելավման նպատակով մայրաքաղաքը միացել է «Քաղաքապետերի դաշնագիր» նախաձեռնությանը և կամավոր պարտավորություն է ստանձնել իր լիազորությունների և ազդեցության շրջանակներում մինչև 2020թ. առնվազն 20%-ով կրճատել ածխածնի երկօքսիդի արտանետումների ծավալը: Բոլորս պետք է գիտակցենք մեր դերն ու մասնակցության կարևորությունը շրջակա միջավայրի խնդիրների կարգավորման հարցում»։ Ծրագրի շնորհանդեսը կազմակերպվել է «Մոլորակի ժամ» ամենամյա բնապահպանական միջոցառմանն ընդառաջ, որն ընդունված է նշել յուրաքանչյուր տարվա մարտի վերջին շաբաթ օրը, ժամը 20:30-ից 21:30-ը, խորհրդանշական մեկ ժամով անջատելով լույսերը՝ ի նշան մոլորակի հանդեպ ունեցած պարտավորությունների: