ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.03.2015
Օպերատիվ միջոցառումների շնորհիվ հաջողվել է մարել «Խոսրովի անտառ» պետական արգելոց» ՊՈԱԿ-ի տարածքում բռնկված հրդեհը

Մարտի 12-ին, ժամը 22:00 սահմաններում ամպրոպից հրդեհ է բռնկվել Խոսրովի արգելոցի բուսածածկ տարածքում: Արգելոցի 30 աշխատակցի ջանքերով երկու ժամ տևած աշխատանքների արդյունքում հաջողվել է մարել հրդեհը: 22:40 դեպքի վայր են ժամանել նաև ՄՃԿԿ, Արտաշատ և Մասիս քաղաքների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ, «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ից 3 աշխատակից և ՄՓՎ-ի ազատ հերթափոխից 9 հրշեջ-փրկարար: Հրդեհի մարման աշխատանքներին աջակցել են նաև հարակից համայնքների բնակիչները, ինչպես նաև Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի անդամները: Հրդեհաշիջման աշխատանքները գտնվել են ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի անմիջական համակարգման ներքո: Դեպքի վայր են ժամանել ՀՀ ԲՆ փոխնախարար Խ. Հակոբյանը, ՀՀ ԲՆ աշխատակազմի ղեկավար Խ. Աղաբեկյանը, ՀՀ ՏԿ և ԱԻՆ փոխնախարար Վ. Տերտերյանը և ՓԾ տնօրեն Ս. Ազարյանը, ՀՀ ոստիկանության մարզային վարչության Վեդի քաղաքի բաժնի պետ գնդապետ Ս. Քոչարյանը, Ուրցաձոր համայնքի ղեկավար Ռ. Անդրեասյանը: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, բարձր գնահատելով իրականացված օպերատիվ միջոցառումները, նշել է. "ՀՀ բնապահպանության նախարարությունը հրդեհաշիջման աշխատանքներին աջակցություն ցուցաբերելու համար խորին շնորհակալություն է հայտնում բոլոր մասնակից կազմակերպություններին և անհատ կամավորներին":