ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության աջակցությամբ Երևանի չորս` թիվ 17, 93, 147 և 174 դպրոցներում անցկացրել է դպրոցական էկոկրթական ծրագիր: Նախարարության մասնագետները և միջազգային բնապահպանական ծրագրերի համակարգողները դասընթացների ժամանակ աշակերտներին մատուցել են հավելյալ գիտելիքներ Հայաստանի հարուստ բուսական և կենդանական աշխարհի և բնության ընդհանուր համակարգում նրանց դերի, հազվագյուտ բուսատեսակների և կենդանատեսակների, արևի անցանկալի ճառագայթներից պաշտպանվելու համար օզոնային շերտի և նրա պահպանման կարևորության, բնության մեջ և մարդու կյանքում ջրային ռեսուրսների դերի, դրանց խնայողական օգտագործման և պահպանման խնդիրների, կլիմայի փոփոխության պատճառների և հետևանքների, շրջակա միջավայրի վրա վտանգավոր նյութերի և թափոնների ազդեցության և դրանցից պաշտպանվելու միջոցառումների վերաբերյալ: Դասընթացներն ուղեկցվել են դիդակտիկ հարուստ տեսանյութերի ցուցադրությամբ: Աշակերտներին բաժանվել են թեմատիկ բրոշյուրներ և սեղանի խաղեր: Մատուցված տեսական գիտելիքների յուրացման և ամրապնդման նպատակով դպրոցականներին հանձնարարվել էր գրել բնապահպանական թեմաներով շարադրություններ: ՀՀ բնապահպանության նախարարությունը լավագույն շարադրություններ ներկայացրած աշակերտներին արժանացրել է խրախուսական մրցանակների: Երևանի թիվ 93 դպրոցի աշակերտներն իրենց հերթին ներկայացրել են կենցաղային թափոններից իրենց ձեռքերով պատրաստած իրերը և տեղեկացրել, որ մարտի 11-ին կազմակերպելու են նաև դրանց ցուցահանդեսը: