ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.03.2023
ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությունը Շիրակի մարզում է

ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակությունը Շիրակի մարզում է:
Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանն այսօր հյուրընկալել է Հայաստանում է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի (COP15) նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին, ով Հայաստանում է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստի և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովին մասնակցելու նպատակով։ 
Շիրակի մարզ այցելության ընթացքում հյուրերին ուղեկցել են Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը, «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժ/պ Արմեն Եսոյանը, կոնվենցիայի ազգային համակարգող Նարինե Հակոբյանը, պաշտոնատար անձինք։
Ալիան Ռիչարդ Դոնվահին նշել է՝ տպավորված է Շիրակի մարզով և տեղեկացրել, որ Կոտ դ՜Իվուարի Հանրապետությունում զբաղեցնում է տարածաշրջանի ղեկավարի պաշտոն և ուրախությամբ արձագանքել Շիրակի մարզի հետ համագործակցության հնարավորությանը՝ ընդգծելով, որ իր տարածաշրջանը ևս գյուղատնտեսական ուղղվածություն ունի։
Հանդիպման ավարտից հետո մարզպետարանում տեղի է ունեցել «Արթիկ քաղաքի փակ քարհանքի թափոնների և ջրհեղեղների կառավարում» դրամաշնորհային պիլոտային ծրագրի ներկայացումը։ 
 «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակի» տնօրենի ժ/պ Արմեն Եսոյանը՝ անդրադառնալով 2019-ից մեկնարկած ծրագրին, որը ֆինանսավորվել է ՄԱԿ-ի «Կլիմայի փոփոխության մասին» շրջանակային կոնվենցիայի Հարմարվողականության հիմնադրամի կողմից՝ նշել է, որ ծրագրի տարածքն ընդգրկել է Արթիկի տարածաշրջանը, որը հայտնի է տուֆի, պեմզայի, կրաքարի հանքավայրերով:
Ծրագրի շրջանակներում խնդիր է դրված եղել բարձրացնելու բնական և գյուղատնտեսական լանդշաֆտների հարմարվողականության մակարդակը, կառավարելի դարձնելու ջրհեղեղները՝ նվազեցնելով դրանց հետևանքները, վերականգնելու կլիմայի փոփոխության և մարդածին ազդեցությունների հետևանքով վնասված բնական լանդշաֆտը՝ ցուցադրելով դեգրադացված բնական լանդշաֆտի հարմարվողականության բարձրացման հնարավորությունները,  ստեղծելու բնական աղետների կանխարգելման վաղ արձագանքման համակարգ, կլիմայի փոփոխության ներկայիս պայմաններում բարելավելու համայնքի հաստատությունների և այլ շահագրգիռ կողմերի հարմարվողական ներուժը և բարձրացնել բնակչության գիտելիքների մակարդակը։
Բաղադրիչի շրջանակներում իրականացվել են 300 հա վարելահողերի, 190 հա արոտավայրերի և 15 հա խոտհարքների պարարտացման աշխատանքներ։  Ավարտին են հասցվել Վարդաքարի 2 հա անտառպուրակի հիմնման աշխատանքներ։
Բաղադրիչում ներառված 30 հա անտառպուրակի և 10 հա հանգստի գոտու ստեղծման, անտառտնկման, ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներն ավարտվել են։