Այսօր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ՀՀ բնապահպանության նախարարությանը տրամադրվել են վերջին սերնդի շարժական հոսքաչափեր, որոնց կիրառումը նպատակ ունի հզորացնելու Արարատյան դաշտում ստորերկրյա ջրերի մեծածավալ օգտագործման հսկողության մեխանիզմները: Հոսքաչափերը ձեռք են բերվել ԱՄՆ ՄԶԳ-ի «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի կողմից` ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցության շրջանակներում: Շարժական հոսքաչափերը կօգտագործվեն ձկնաբուծական տնտեսությունների և տարածքի այլ խոշորագույն ջրօգտագործողների կողմից ստորերկրյա ջրային ռեսուրսների օգտագործման ծավալների մոնիթորինգի նպատակով: Հոսքաչափերի հանձնման և փորձարկման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել Արարատի մարզի Սայաթ-Նովա գյուղում գտնվող «Մասիս Ձուկ» ձկնաբուծական տնտեսությունում, որին ներկա էին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, փոխնախարար Խաչիկ Հակոբյանը, ԱՄՆ ՄԶԳ-ի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցը, ԱՄՆ ՄԶԳ-ի հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը, ՀՀ բնապահպանության նախարարության ջրային ռեսուրսների կառավարման գործակալության (ՋՌԿԳ) ջրօգտագործման թույլտվությունների բաժնի պետ Դավիթ Գրիգորյանը, Արարատի փոխմարզպետ Աշոտ Վարդանյանը և Սայաթ-Նովա համայնքի ղեկավար Ռազմիկ Ալավերդյանը: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը, ցուցաբերված աջակցության համար շնորհակալություն հայտնելով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությանը, ընդգծել է. «ԱՄՆ ՄԶԳ և ՀՀ բնապահպանության նախարարության միջև համագործակցությունը շուրջ 20 տարվա պատմություն ունի: Այդ ակտիվ համագործակցության արդյունքում գործակալությունը լուրջ ներդրում է ունեցել մեր երկրի բնապահպանության ոլորտում, որի կարևորագույն բաղադրիչներից է ջրային ռեսուրսների կայուն կառավարման ապահովման խնդիրը: Գործակալությունը նախարարությանն աջակցել է մասնավորապես օրենսդրական դաշտի կարգավորման, ինստիտուցիոնալ կառույցների կայացման, հզորացման, տեխնիկական վերազինման, մասնագիտական վերապատրաստման, ինչպես նաև ջրային ռեսուրսների կայուն կառավարման խնդիրների կարգավորման հարցերում: Ջրային ռեսուրսների խնայողության և արդյունավետ կառավարման հարցում կարևորելով և բարձր գնահատելով տեխնիկական վերազինման անհրաժեշտությունը` նախարարությունը բարձրացրել էր նոր սարքերով համալրվելու անհրաժեշտության խնդիրը, որին անմիջապես արձագանքել է ԱՄՆ ՄԶԳ-ն` տրամադրելով չափիչ սարքեր, որոնք հնարավորություն կընձեռեն առավել ճշգրիտ իրականացնել մոնիթորինգը և առավել արդյունավետ կազմակերպել ջրային ռեսուրսների կառավարման խնդիրները»: Կարևորելով Արարատյան դաշտավայրի ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարի խնայողության և արդյունավետ կառավարման խնդիրը` բնապահպանության նախարարի առաջին տեղակալն ընդգծել է, որ այդ ուղղությամբ 2014-ին իրականացված միջոցառումների շրջանակներում /ապօրինի խորքային հորերի լուծարում, կոնսերվացում և փականային ռեժիմի բերում/ նախարարությանը հաջողվել է խնայել շուրջ 753մլն խ/մ ջուր և տեղեկացրել է, որ այս միջոցառումները շարունակվելու են նաև 2015-ին: ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդն ու ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի գործերով փոխտնօրենի պաշտոնակատար Սյուզան Ֆրիցն իրենց ելույթներում ևս ողջունել են Արարատյան դաշտի և ՀՀ ջրային ռեսուրսների խնայողությանը միտված նախաձեռնություններն ու համատեղ ծրագրերը` հույս հայտնելով, որ նման աջակցությունները կօգնեն ՀՀ բնապահպանության նախարարությանը ստորերկրյա քաղցրահամ ջրերի պաշարները վերահսկելի դարձնելու և առավել արդյունավետ օգտագործելու հարցում: Մասնավորապես, տիկին Ֆրիցն իր ելույթում ընդգծել է, որ ըստ ԱՄՆ ՄԶԳ «Մաքուր էներգիա և ջուր» ծրագրի ուսումնասիրության՝ Արարատյան դաշտի ստորերկրյա ռեսուրսների նվազման պատճառներից մեկը ձկնաբուծարանների կողմից ջրային պաշարների անխնա օգտագործումն է: Տրամադրվող հոսքաչափերը կօժանդակեն Բնապահպանության նախարարությանը հզորացնել վերահսկողության մեխանիզմներն Արարատյան դաշտում` ի նպաստ Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող բնական ռեսուրսների պահպանության: ՀՀ բնապահպանության նախարարությունը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը նաև պլանավորում են առաջիկայում համատեղ մշակել ջրային ռեսուրսների մոնիթորինգի տեխնիկական վերազինման համալիր ծրագիր: