Փետրվարի 23-ին Երևանում մեկնարկել է «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1973) դրույթների կիրառման վերաբերյալ ուսուցողական դասընթացը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ և ՀՀ բնապահպանության նախարարության ու Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ ընթացող հնգօրյա դասընթացի նպատակն է կատարելագործել «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի դրույթների, վայրի բնության ապօրինի շահագործումը կանխելու քայլերի վերաբերյալ գիտելիքներն ու հմտությունները, անցկացնել ոլորտի մասնագետների վերապատրաստում: Կոնվենցիան կարգավորում է հազվագյուտ կենդանատեսակների և բուսատեսակների արտահանումը, վաճառքը կամ փոխանակումը երկրների միջև: Հայաստանի Հանրապետությունը կոնվենցիայի անդամ է 2009թ. հունվարի 21-ից: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, կարևորելով ոլորտի կարգավորման և վերահսկողության կատարելագործման անհրաժեշտությունն ու կոնվենցիայի դրույթների պատշաճ կատարումը, նշել է. «Այսօր աշխարհում վայրի կենդանատեսակների անօրինական առևտուրը թրաֆիքինգից, թմրամիջոցների վաճառքից և կեղծարարությունից հետո 4-րդ ապօրինի բիզնեսի տեսակն է, որի դեմ պայքարի համար անհրաժեշտ է մեկտեղել բոլորիս ներուժը և ԶԼՄ-ների, և ՀԿ-ների, և միջազգային կազմակերպությունների և թե շարքային քաղաքացիների: Կոնվեցիայի գլխավոր նպատակը՝ վայրի ֆլորայի և ֆաունայի անհետացման եզրին գտնվող տեսակների պահպանությունն է` գերշահագործումից, իսկ հիմնական խնդիրը` վայրի ֆլորայի և ֆաունայի միջազգային առևտրի կարգավորումը՝ անհետացող տեսակների գոյատևումն ապահովելու նպատակով: Առ այսօր Հայաստանը միացել է 16 բնապահպանական միջազգային կոնվենցիաների, որոնցից 5-ը վերաբերում են կենսաբազմազանությանը: Առհասարակ շրջակա միջավայրի պահպանության ոլորտը գտնվում է յուրաքանչյուր պետության և հանրության ուշադրության կենտրոնում, ուստի այս ծրագիրը կստեղծի համագործակցության նոր եզրեր մասնագիտական հմտությունների բարելավման և խնդրի նկատմամբ հանրային ուշադրության և իրազեկվածության բարձրացման հնարավորություններ»: Բացման խոսքերում բանախոսները կարևորել են վայրի բնության ապօրինի առք ու վաճառքի դեմ ինստիտուցիոնալ համակարգված պայքարը: Հետագա չորս օրերի ընթացքում գործնական և տեսական դասընթացներով համապատասխան մասնագետները կշարունակեն գիտելիքների և հմտությունների վերազինումն ու մասնագիտական վերապատրաստումը: Դասընթացը վարում են «Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամ»-ի ներկայացուցիչները՝ Մոհամեդ Էլսայեդը (Մերձավոր Արևելքի տարածաշրջանային տնօրեն), Մարիա Վորոնցովան (Ռուսաստան և ԱՊՀ տարածաշրջանային տնօրեն), Վիվեկ Մենոնը (Հարավային Ասիայի տարածաշրջանային տնօրեն) և Չարլզ Մաքեյը (ոլորտի փորձագետ, դասընթացավար):