Արամայիս Գրիգորյանն աշխատաժողով է անցկացրել ՀՀ ԲՆ ենթակայությամբ գործող "Դիլիջան" ազգային պարկ ՊՈԱԿ-ում: Անդրադառնալով ազգային պարկում առկա խնդիրներին, ապօրինի ծառահատման դեպքերին, դրանց կանխմանն ուղղված միջոցառումների իրականացմանն ու աշխատանքի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը` նախարարը մասնավորապես նշել է. "Ցանկանալով այս տարածաշրջանում զարգացնել զբոսաշրջությունը և հատկապես էկոզբոսաշրջությունը, այն առավել գրավիչ դարձնել զբոսաշրջիկների համար` մենք պետք է կարողանանք նախ և առաջ պատշաճ պահպանություն իրականացնել ազգային պարկի տարածքում, կանխել ապօրինությունները, որոնք վտանգավոր հետևանքներ կարող են թողնել Դիլիջանի հարուստ կենսաբազմազանության և էկոհամակարգի հավասարակշռության վրա: Մեր աշխատակիցներից ես ակնկալում եմ առավել հետևողականություն և զգոնություն": Բնապահպանության նախարարն ազգային պարկի աշխատակիցների ուշադրությունը հատուկ բևեռել է ձմռան ամիսներին ապօրինի ծառահատումների դեմ իրականացվող միջոցառումներն էլ ավելի խստացնելու անհրաժեշտության վրա: Աշխատաժողովի ավարտին նախարարը շնորհակալագրեր է հանձնել "Դիլիջան" ազգային պարկի որոշ աշխատակիցների նվիրված և բարեխիղճ աշխատանքային գործունեության, եղանակային բարդ պայմաններում գործառույթներն առավելագույն արդյունավետությամբ իրականացնելու համար: IDEA հիմնադրամի ղեկավար Արմեն Գևորգյանի ուղեկցությամբ Արամայիս Գրիգորյանը շրջայց է կատարել Դիլիջանում, քննարկել տարածաշրջանում տուրիզմի զարգացման հեռանկարներն ու ծանոթացել հիմնադրամի կողմից առաջարկվող ծրագրերին: