Ս.թ. հունվարի 27-28-ին Ծաղկաձորի «Ռոսիա» հյուրանոցում ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ տեղի է ունենում «ՄԱԿ-կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ. ճանապարհ դեպի Փարիզ» խորագրով կլոր սեղան: Միջոցառման նպատակն է քննարկել 2015 թ. «Կլիմայի փոփոխության մասին» ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիային կից նոր արձանագրության մշակման շուրջ ընթացող գործընթացները, Հայաստանում ջերմոցային գազերի կրճատման կամ սահմանափակման ռեժիմի, հարմարվողականության պլանների, ինչպես նաև նշված բնագավառներում տեխնոլոգիաների զարգացման, փոխանցման ու ներդրման, ֆինանսավորման ու կարողությունների ամրապնդման վերաբերյալ իրականացված և ընթացիկ ծրագրերը: Նախաձեռնած քննարկումները կնպաստեն Կոնվենցիայի 21-րդ համաժողովին ընդառաջ Հայաստանի դիրքորոշման ու գործողությունների մասին պաշտոնական տեղեկատվության ձևավորմանը: 2014թ. դեկտեմբերի 1-12-ը Պերուի մայրաքաղաք Լիմայում կայացած Կլիմայի փոփոխության մասին ՄԱԿ-ի շրջանակային կոնվենցիայի կողմ երկրների 20-րդ համաժողովի հիմնական որոշման համաձայն` Կոնվենցիային անդամակցող երկրները պետք է 2015թ. առաջին կեսին կոնվենցիայի քարտուղարությանը ներկայացնեն «Ազգային մակարդակով սահմանված նախատեսվող գործողությունների» վերաբերյալ իրենց դիրքորոշումները, որոնք օգտագործվելու են ապագա արձանագրության բովանդակության, այդ թվում ջերմոցային գազերի գլոբալ արտանետումների կրճատման ռեժիմի հստակեցման համար: Կարևորվում է նաև նշված բոլոր գործընթացների` հստակ, թափանցիկ ու հանրության համար հասանելի ընթացակարգերով իրականացումը: Կլոր սեղանին մասնակցել են ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի պահանջների ու դրույթների կատարման միջգերատեսչական համակարգման խորհրդի անդամները, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ողջույնի խոսքում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդգծել է, որ 2020թ.-ից սկսած կոնվենցիային անդամակցող բոլոր երկրները պետք է ստանձնեն պարտավորություններ, կատարելով ջերմոցային գազերի արտանետումների կրճատման կամ սահմանափակման որոշակի գործողություններ, որոնց մասին պետք է ներկայացվի թափանցիկ և հստակ տեղեկատվություն Կոնվենցիային և հավելել. «Հանդիսանալով Կոնվենցիայի Հավելված I-ի մեջ չընդգրկված Հայաստանը մինչ այժմ չունի ջերմոցային գազերի արտանետումների կրճատման քանակական պարտավորություններ: Սակայն կարևորելով արտանետումների կրճատման գլոբալ ջանքերը` մենք կամավոր սկզբունքով իրականացնում ենք ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակման և, ընդհանրապես, կլիմայի փոփոխության մեղմման միջոցառումները և կլիմայի փոփոխության խնդիրները հետևողականորեն ներառում ենք ազգային զարգացման ծրագրերում»: Նկատելով, որ կլիմայի հարմարվողականության և մեղմման միջոցառումները հանդիսանում են ազգային անվտանգության գրավական` նախարար Արամայիս Գրիգորյանը շեշտել է, որ կլիմայի փոփոխության հիմնախնդրի լուծմանը նպատակաուղղված գործողությունների պատշաճ ձևակերպումը, ներկայացումը և իրականացումը կարող են մեծապես նպաստել Հայաստանի Հանրապետգության սոցիալ-տնտեսական և բնապահպանական ոլորտների ամրապնդմանն ու զարգացմանը: Նախարարը տեղեկացրել է, որ Հայաստանում տարբեր գերատեսչությունների համակարգման ներքո իրականացվում կամ պլանավորվում են աշխատանքներ, որոնք նպաստում են կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականության բարձրացմանը, ջերմոցային գազերի արտանետումների սահմանափակմանը: «Այդ գործողությունները էլ ավելի զարգացնելու համար, կարծում եմ, կարևոր է միջգերատեսչական խորհդի ու նրան կից աշխատանքային խմբի ներքո ստեղծել համագործակցության միջավայր` խնդրին առնչվող աշխատանքների արդյունավետության բարձրացման համար: Դա զգալիորեն կնպաստի նաև Հայաստանի Հանրապետությունում հարմարվողականության և ջերմոցային գազերի արտանետումների կրճատմանը նպաստող միջոցառումների իրականացման համար միջազգային աջակցության և ֆինանսական միջոցների ներգրավմանը»,- ընդգծել է բնապահպանության նախարարը և այս ուղղությամբ միջոցառման մասնակիցներից ակնկալել շահագրգիռ քննարկում: Միջոցառման առաջին օրը զեկույցներով հանդես են եկել ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, Գերմանիայի համագործակցության կազմակերպության (GIZ) փորձագետ Ֆրեդերիկ Վիլսը և ՄԱԶԾ կլիմայի փոփոխության ծրագրերի համակարգող Դիանա Հարությունյանը: Ծավալված շահագրգիռ քննարկումների ժամանակ հնչել են առաջարկություններ մինչ 2015թ.-ի վերջը Հայաստանում անհրաժեշտ միջոցառումների կատարման վերաբերյալ: