ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.12.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ամփոփել է 2014թ աշխատանքային տարին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ամփոփել է 2014 թ. նախարարության իրականացրած աշխատանքները և նախանշել գալիք տարվա հիմնական ծրագրերը: Շեշտելով, որ ակտիվ, համագործակցված աշխատանք է ընթանում հասարակական կազմակերպությունների և ոլորտի գիտնականների հետ՝ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարին կից ձևավորվել են հասարակական և գիտատեխնիկական խորհուրդներ, որոնց հետ արդեն անցկացվել են աշխատանքային նիստերը: Արամայիս Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ապօրինի ինքնաշատրվանող խորքային հորերի խնդրի լուծման ուղղությամբ տարվող աշխատանքները: Մասնավորապես, Արարատի և Արմավիրի մարզերում 2014թ. սկզբից մինչ հունիս ամիս ԲՆ կողմից լուծարվել, կոնսերվացվել կամ փականային ռեժիմի է բերվել 253լ/վ ջուր, որի տարեկան խնայողությունը կազմում է 8մլն խ/մ, իսկ Հուլիսի 16-ից մինչև դեկտեմբերի 20-ը լուծարել, կոնսերվացվել և փականային ռեժիմի է բերվել 266 հորատանցք, որի արդյունքում խնայվել է մոտ 23.886 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 753 մլն խ/մ: Հիդրոերկրաբանական մշտադիտարկումները ցույց են տվել, որ դեկտեմբեր ամսվա ընթացքում Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանի Արևաբույր գյուղի դիտակետերում մակարդակների բարձրացում է նկատվել 4-12սմ-ով, Սիսում` 2-3սմ, Դաշտավանում ծախսի ավելացում 0.04լ/վ, Հովտաշատ - ծախսի ավելացում 0.9լ/վ, իսկ ձկնաբուծական տնտեսությունների մասով Հովտաշատ գյուղում նկատվել է ծախսի ավելացում` 3-16լ/վ-ի սահմաններում, Զորակ գյուղի մեկ տնտեսությունում` 24լ/վ-ով: Մակարդակների բարձրացում են կատարվել Էջմիածնի տարածաշրջանի Առատաշեն – 70սմ և Ակնաշեն գյուղերի դիտակետերում – 10-70սմ: Արմավիրի մարզի Գայ գյուղի շատրվանող հորատանցքում ծախսի ավելացումը 0.05լ/վ է: Շատրվանող հորատանցքերի լուծարումից կամ կոնսերվացումից հետո անցել է կարճ ժամանակ, որի պատճառով դժվար է հանգել սպառիչ եզրակացությունների, բայց դրական արդյունքներն ակնառու են: Անդրադառնալով Սևանա լճի խնդիրներին՝ ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ լճի մակարդակը 21.12.2014թ դրությամբ կազմել է 1900.13մ, ինչը նախորդ տարվա նույն օրվա դրությամբ (1900.17մ) նվազել է 4սմ-ով, սակայն ըստ ոլորտի մասնագետների, այդ պակասը մոտ ժամանակներս կլրացվի: Ըստ նախարարի, Արփա-Սևան ջրատարով տարեսկզբից Սևանա լիճ դեկտեմբերի 21-ի դրությամբ մուտք է գործել 129.4 մլն.խոր/մ ջրաքանակ, ինչը 6.1 մլն.խոր/մ-ով պակաս է 2013թ. (135.5 մլն.մ3) նույն օրվա համեմատությամբ: 2001-ից Սևանա լճի մակարդակը բարձրացել է շուրջ 3.7 մետրով, նախատեսված 2.81մ-ի փոխարեն (տարեկան 21.6սմ): Այսօրվա իրավիճակով լճի բարձրացման ցուցանիշը փաստացի 0.89մ-ով գերազանցում է օրենքով նախատեսվածից: Հայտնելով, որ Սևանա լճի ջրածածկ անտառտնկարկների մաքրման աշխատանքների արդյունքում նախատեսված 150 հա տարածքն ամբողջությամբ մաքրվել է՝ Արամայիս Գրիգորյանը հավելել է, որ 2015-ին նախատեսված է մաքրել ևս 150հա: Հավաքված թափոնները կուտակվում են Սևան Ազգային պարկի տարածքում` հետագայում դրամաշնորհային ծրագրով այն այլընտրանքային վառելիքի վերածելու նպատակով: ՀՀ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ 2014թ. պետական բյուջեի միջոցների հաշվին «Ձկան պաշարների համալրման ծառայություններ» ծրագրի շրջանակներում Սևանա լիճ է բաց թողնվել ամառային իշխանի 200,0 հազ.հատ (3 և ավելի գրամ) և գեղարքունիի 166,7 հազ. հատ (5 և ավելի գրամ) մանրաձուկ: Արամայիս Գրիգորյանը նաև հայտնել է, որ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Բնապահպանության նախարարության «Բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի միջոցով Ծիծեռնակաբերդում, 10 հա տարածքի վրա իրականացվել են անտառտնկման աշխատանքներ: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին այստեղ տնկվել է 6725 ծառ: Անդրադառնալով տեսչական գործառույթներին՝ Արամայիս Գրիգորյանը տեղեկացրել է, որ 2014 թվականին կազմվել է 770 վարչական տուգանքի ակտ` 65.22 մլն. դրամ գումարով և շրջակա միջավայրին պատճառած վնասի հատուցման 515 ակտ` 359.12 մլն.դրամ գումարով: Տեսչության կիրառած պատժամիջոցներից ՀՀ պետական բյուջե է վերականգնվել 130.0 մլն. դրամ, նախորդ տարվա համեմատ պետական բյուջե մուտքերն ավելացել են մոտ 40%-ով: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը իր խոսքի ավարտին շնորհակալություն է հայտնել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ոլորտի խնդիրները ուշադրության կենտրոնում պահելու ու օպերատիվ արձագանքելու համար և պատասխանել նարնց հարցերին: ՀՀ բնապահպանության նախարարության 2014 թվականի ընթացքում կատարված աշխատանքների արդյունքները