ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության աջակցությամբ ՀՀ Սյունիքի մարզի Շիկահող, Ծավ, Ճակատեն, Սրաշեն և Ներքին Հանդ համայնքների 82 աշակերտների համար կազմակերպվել է բնապահպանական թեմաներով մեկօրյա բաց դաս: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի ողջույնը և բարեմաղթանքները դպրոցականներին փոխանցելուց հետո, նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանն իր խոսքում կարևորել է բնապահպանական գիտելիքներով զինված և շրջակա միջավայրի նկատմամբ հոգատար սերնդի առաքելությունը Սյունիքի հարուստ բնաշխարհը պահպանելու գործում: ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության ներկայացուցիչ Անահիտ Սիմոնյանը կարևորել է դահլիճում գտնվող դպրոցականների առաքելությունը հայրենի ծննդավայրի պահպանության գործում, ինչի հիմքն է սերը դեպի բնությունը: Օզոնի ազգային կենտրոնի ղեկավար Լիանա Ղահրամանյանը մատուցել է օզոնի շերտի պահպանության, արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավորության և դրանցից պաշտպանվելու մասին տեսական և դիդակտիկ նյութեր: Ստացած գիտելիքներն դպրոցականներն ամրապնդել են գործնական աշխատանքով՝ բնության տեսարաններ նկարներով: «Աջակցություն բնության հատուկ պահպանվող տարածքների զարգացմանը» ծրագրի ղեկավար Կարեն Ճենտերեջյանը շրջակա միջավայրի պահպանության խնդիրները լուսաբանելու հետ մեկտեղ դպրոցականներին է ներկայացրել իրենց գյուղերի հարակից տարածքներում գտնվող «Շիկահող», «Սոսու պուրակ» և «Խուստուփ» բնության հատուկ պահպանվող տարածքների հարուստ կենդանական և բուսական աշխարհի մասին մատչելի տեղեկություններ: Հինգ համայնքների դպրոցների բոլոր աշակերտները ստացել են նվերներ՝ գրենական պիտույքներով լի դպրոցական ուսապարկեր և բնապահպանական տարբեր թեմաներով ուսուցանող բրոշյուրներ, իսկ դպրոցներին հանձնվել է հեծանիվներ, հատակի մեծ չափերի թեմատիկ խաղեր: Ծավ համայնքի դպրոցի տնօրեն Յուրա Մարտիրոսյանը մյուս դպրոցների տնօրենների և համայնքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնելով կազմակերպած միջոցառումների համար՝ հավաստիացրել է, որ իրենց դպրոցներում բնապահպանական կրթությունը պատշաճ մակարդակի վրա է գտնվում, իսկ անցկացված բաց դասը դպրոցականներին ավելի հոգատար կդարձնի իրենց շրջապատող հարուստ բնության հանդեպ: Դպրոցականներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել դասընթացավարներին, որից հետո միջոցառման ներկա հյուրերը և ուսուցիչները դիտել և խրախուսման են ներկայացրել դասընթացի ժամանակ դպրոցականների նկարած բնապատկերները: