ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
03.11.2014
Հայտարարվեցին «Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի» հաղթողները

Մամլո հաղորդագրություն Սույն թվականի հոկտեմբերի 24-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում ամփոփվեցին Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները: Մրցույթն իրականացվում էր Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նոր բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը: Մրցույթի եզրափակիչ փուլի արարողությունը մեկնարկել էր ս.թ.-ի հոկտեմբերի 23-ին, որի ժամանակ 14 թիմ 5 հոգուց բաղկացած հանձնաժողովին ներկայացրել են բիզնես գաղափարները: Հոկտեմբերի 24-ին հանձնաժողովի անդամներին իրենց բիզնես գաղափարները ներկայացրեց ևս 8 թիմ, որից հետո հանձնաժողովը երկժամյա քննարկման արդյունքում ամփոփեց 2-օրվա արդյունքները: Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 64 բիզնես գաղափարներից (թիմերից), կիսաեզրափակիչ փուլ են անցել 30-ը, որոնցից 24-ը ավարտել են 10-շաբաթյա հատուկ բիզնես դասընթացներ՝ մրցունակ բիզնես մոդելներ մշակելու համար: Մրցույթի եզրափակիչ փուլին մասնակցեցին 22թիմ: Բիզնես մոդելներն ընդգրկում էին վերականգնվող էներգետիկայի, էներգախնայողության, թափոնից էներգիայի ստացման և ջրերի կառավարման ոլորտները: Ընդհանուր առմամբ հանձնաժողովի համար բավական դժվար էր ընտրություն կատարել, քանի որ ներկայացված գաղափարները հիմնականում շատ հետաքրքիր էին: Այդ իսկ պատճառով հանձնաժողովը որոշեց լրացուցիչ ընտրել ևս 2 մասնակցի, սակայն ի տարբերություն մյուս 4 հաղթողների, որոնց պետք է շնորհվի 10 000-ական ԱՄՆ դոլար, վերջին 2-ին կտրամադրվի 5000-ական ԱՄՆ դոլար: Այսպիսով մրցույթի արդյունքում հաղթող են ճանաչվել՝  <Էքոթեքնոլոգի>ՍՊԸ (ոռոգման ջրի արդյունավետ օգտագործում)- Ազգային հաղթող, որը կմասնակցի 2014 թ.-ի նոյեմբերի 12-13-ին Սիլիկոնյան հովտում (ԱՄՆ-ում գործող ակսելերատոր) կայանալիք ամենամյա գլոբալ բիզնես ֆորումին և կստանա նաև 10 000 ԱՄՆ դոլար մրցանակ: <Սոլվար սիստեմս> ՍՊԸ (կիրառական նշանակության արևային տեխնոլոգիա)-10000ԱՄՆ դոլար մրցանակ <Նանո Հայ> (գրաֆին կամ գրաֆինային էլեկտրոնիկա)-10000ԱՄՆ դոլար մրցանակ <Ամ-Էսկա> (օգտագործված անվադողերի վերամշակում պիրոլիզային եղանակով)-10000ԱՄՆ դոլար մրցանակ Լրացուցիչ հաղթողներ <Վրականգնող էներգիայի հետազոտության թիմ>-(էլեկտրաէներգիայի արտադրություն առանց այրման գործընթացի և զրոյական արտանետմամբ)-5000ԱՄՆ դոլար մրցանակ <Բիթլիս-Մեն>-(բարձր ճնշման խողովակների ջրի հոսքի չափման համակարգ)-5000ԱՄՆ դոլար մրցանակ Մրցանակների հանձման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանում ՄԱԱԶԿ ծրագրավար տիկ. Անահիտ Սիմոնյանը, մասնակիցներին ողջունեցին և մրցանակներ հանձնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ պրն. Էմիլ Տարասյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ պրն. Խաչիկ Հակոբյանը, ՄԱԱԶԿ-ի Վիեննայի գրասենյակի արդյունաբերական զարգացման ծրագրերի պատասխանատու պրն. Մարկ Դրայեկը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն պրն. Բագրատ Ենգիբարյանը և "Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար" ծրագրի ազգային համակարգող պրն. Ֆրունզիկ Ոսկանյանը: Ծրագրի մասին 2013թ.-ի փետրվարին Հայաստանը Արևելյան Եվրոպայի երկրներից առաջինն էր, որ միացավ ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող և Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) կողմից ֆինանսավորվող §Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար¦ ծրագրին, որը նաև իրականցվում է Հարավային Աֆրիկայում, Հնդկաստանում, Պակիստանում, Թուրքիայում, Մալազիայում և Թաիլանդում: Ծրագրի տևողությունը երեք տարի է և այն նպատակաուղղված է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաներ կիրառող ՓՄՁ-ների և սկսնակների հզորացմանը և ոլորտի նորարարությունները խթանող քաղաքականության ստեղծմանը: ՀՀ կառավարության կողմից ծրագրի ազգային գործընկերներն են ՀՀ էկոնոմիկայի և բնապահպանության նախարարությունները: Այն համագործակցում է նաև ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների և գյուղատնտեսության նախարարությունների, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի և Հայաստանի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնի հետ: Ծրագրի գլոբալ գործընկերն է ամերիկյան Cleantech Open ակսելերատորը: Ծրագրի գլխամասը գտնվում է Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ հիմնվել է մաքուր տեխնոլոգիաների սկսնակների ակսելերատոր, որը ծառայում է որպես ազգային պլատֆորմ մաքուր տեխնոլոգիաների ինովացիոն բիզնես գաղափարներ բացահայտելու և դրանք կայուն և հաջողակ բիզնեսների վերածելու նպատակով: Ակսելերատորն իրականացնում է մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթ, որն իր մեջ ներառում է ազգային ակադեմիան (եռօրյա բիզնես դասընթացներ), անհատական բիզնես խորհրդատվություն, 10 շաբաթյա բիզնես դասընթացներ և հավելյալ աջակցություն կիսաեզրափակիչ անցած թիմերի համար՝ ներառյալ նոր ֆինանսավորման աղբյուրների հայտնաբերում և ներդրողների համաժողովների մասնակցության հնարավորություն: Ակսելերատորը, համագործակցելով Հայաստանի առաջատար բուհերի, գիտահետազոտական կենտրոնների, ընկերությունների և կազմակերպությունների հետ, նաև նախատեսում է կազմակերպել մաքուր տեխնոլոգիաների, սկսնակ բիզնեսների և ինովացիաների զարգացման վերաբերյալ տարբեր դասընթացներ և կրթական ծրագրեր: Ավելին, ակսելերատորը կհիմնի մաքուր տեխնոլոգիաների լաբորատորիա Գյումրիի տեխնոլոգիական կենտրոնում, որտեղ մաքուր տեխնոլոգիաների ոլորտի սկսնակները /ՓՄՁ-ները կարող են մշակել, թեստավորել և բարելավել իրենց տեխնոլոգիաների նախատիպերը/: Հավելյալ տեղեկությունների համար դիմել՝ Աննա Բիշարյան, Հայաստանում Մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ՓՄՁ-ների համար ծրագրի հանրային կապերի պատասխանատու Բջջ.՝ (374 99) 10 20 83 Էլ-փոստ`a.bisharyan@unido.org UNIDO DESK IN ARMENIA 14 PETROS ADAMYAN STREET, YEREVAN, ARMENIA TELEPHONE: (+374-10) 54 46 67, www.unido.org