ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.10.2014
ՀՀ բնապահպանության նախարարն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության դաշնային գրասենյակի /NABU/գործադիր տնօրենին

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է Գերմանիայի բնության պահպանության միության դաշնային գրասենյակի /NABU/գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերին, փոխնախագահ, միջազգային բաժնի ղեկավար Թոմաս Թեննհարդտին, Կովկասի ծրագրերի ղեկավար Վիտալի Կովալյովին և Հայաստանի մասնաճյուղի ղեկավար Նարեկ Գրիգորյանին: Ողջունելով հյուրերին` նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է. «ՀՀ բնապահպանության նախարարության և NABU-ի երկարամյա համագործակցությունը և այդ համագործակցության արդյունքները մեր երկրի բնապահպանական ոլորտում իրականացված տարբեր ծրագրերի շրջանակներում մեզ համար շատ կարևոր են և պարարտ հող` նոր համատեղ գաղափարների և ծրագրերի իրականացման համար»: NABU գործադիր տնօրեն Լեյֆ Միլլերը նշել է, որ NABU-ն Գերմանիայի առաջին և խոշորագույն բնապահպանական կազմակերպություններից է, որը գործունեություն է ծավալում աշխարհի տարբեր երկրներում, և այդ երկրների շարքում Հայաստանը համարվում է կարևոր և լավագույն գործընկերներից մեկը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք ծրագրեր, մասնավորապես` Արմավիրի մարզի «Որդան Կարմիր» պետական արգելավայրի և նրա հատուկ պահպանվող օբյեկտ հանդիսացող որդան կարմիր միջատի պահպանության և աշխարհում հազվագյուտ բնական կարմիր ներկի վերարտադրության հեռանկարները: Անդրադարձ է կատարվել ԲՀՊՏ-ներում` մասնավորապես «Դիլիջան» ազգային պարկում էկոտուրիզմի զարգացմանը: Նախարար Արամայիս Գրիգորյանն առաջ է քաշել մեր երկրում վայրի կենդանատեսակների պահպանության և բազմացման խնդիրը, առաջարկելով ստեղծել վայրի կենդանիների բուծման ֆերմաներ` դրանք հետագայում վայրի բնություն վերադարձնելու նպատակով: Քննարկվել են նաև Արագածում, Ջերմուկում և Ծաղկաձորում լեռնային տուրիզմի զարգացման հեռանկարներն ու հնարավորությունները: Լեյֆ Միլլերն, անդրադառնալով Հայաստանի հարուստ բուսականությանը, առաջարկել է ուշադրություն դարձնել նաև էկոլոգիապես մաքուր, բուժիչ խոտաբույսերի և թեյերի արտադրության հեռանկարներին, քանի որ NABU–ի բնապահպանական գործունեության հիմնական ուղղություններից է նաև էկոլոգիապես մաքուր արտադրության խթանումն ու խրախուսումը: NABU պատվիրակությունը, կարևորելով բոլոր առաջարկությունները, պատրաստակամություն է հայտնել աջակցելու նախարարությանը վերոնշյալ ծրագրերի իրականացման հարցում: