ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.10.2014
Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքների արդյունքում տարեկան խնայվել է մոտ 360 մլն խ/մ ջուր

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի հանձնարարականով ձևավորված Արարատյան արտեզյան ավազանի ստորերկրյա ինքնաշատրվանող ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և կարգաբերման նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են վերջին երեք ամիսների կատարած աշխատանքները: Աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը նշել է, որ այդ ժամանակահատվածում մշտադիտարկման է ենթարկվել ավելի քան 200 խորքային հոր, որից լուծարվել/12 հոր/, փականային ռեժիմի է բերվել/49 հոր/ և կոնսերվացվել/46 հոր/ 107-ը: Դրանք պատկանել են ձկնաբուծական տնտեսություններին, «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին և «Երևան ջուր» ՓԲԸ-ին: Եռամսյա աշխատանքների արդյունքում խնայվել է 11333 լ/վ ջուր, ինչը տարեկան կազմում է մոտ 360 մլն խ/մ: Առաջիկայում աշխատանքներ են տարվելու համայնքային նշանակության և ջրօգտագործող ընկերություններին պատկանող խորքային հորերի ուղղությամբ: Լուծարման, կոնսերվացման և կարգաբերման աշխատանքներին զուգահեռ հայտնաբերված խախտումների համար ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչությունը սահմանել է 6.4 մլն դրամի տույժ և տուգանք: Ներկայում տեսչական ստուգումներ են իրականացվում երկու ձկնաբուծական տնտեսությունում և մի քանի ջրօգտագործող ընկերություններում: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը հայտնել է, որ աշխատանքային խումբը որդեգրել է թափանցիկ աշխատաոճ՝ պարբերաբար ԶԼՄ-ներին տեղեկացնելով իրականացվող գործողությունների մասին: Փոխնախարարը նաև տեղեկացրել է, որ ՀՀ բնապահպանության նախարարությունն այս ընթացքում ձեռնամուխ է եղել մի շարք օրենսդրական նախաձեռնությունների, որոնց արդյունքում Արարատյան արտեզյան ավազանում կներդրվի խորքային հորերի ավտոմատ կառավարման համակարգ, կմշակվի Արարատյան ջրհավաք ավազանի կառավարման պլանը, ինչպես նաև մոտ 80 տոկոսով կավելանա Հայաստանի ջրավազանների մշտադիտարկման ցանցը: ՀՀ ԲՆ ջրային ռեսուրսների կառավարման գործակալության պետ Դավիթ Գրիգորյանը հայտարարել է, որ նախարարի հանձնարարականով աշխատանքային խումբը որդեգրել էր օբյեկտիվ և անաչառ աշխատաոճ, քանի որ ոլորտում ստեղծված իրավիճակը շտկելու համար վճռական քայլերն այլընտրանք չունեն: ՀՀ ԲՆ աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյանը ներկայացրել է ոլորտի ռիսկային այն ուղղությունները, որոնցով ընթանալու են հետագա աշխատանքները: