ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.09.2014
Տեղի է ունեցել ազգային կլոր սեղան՝ «Կանաչ տնտեսություններ Արևելյան հարևանությունում» ծրագրի շրջանակներում

ՄԱԿ-ի ԵՏՀ Էսպո կոնվենցիայի ռազմավարական Էկոլոգիական Գնահատման/ՌԷԳ/ արձանագրության իրականացման նպատակով «Կանաչ տնտեսություններ Արևելյան հարևանությունում» ծրագրի շրջանակներում սույն թվականի սեպտեմբերի 26-ին տեղի է ունեցել ազգային կլոր սեղան: Ազգային կլոր սեղանը կազմակերպվել է Էսպո կոնվենցիայի քարտուղարության, ՀՀ բնապահպանության նախարարության և «ԷկոԳլոբ» հասարակական կազմակերպության աջակցությամբ: ՀՀ Բնապահպանության նախարարի առաջին տեղակալ պարոն Սիմոն Պապյանը, ողջունելով բոլոր մասնակիցներին, իր խոսքում կարևորել է այսօրինակ հանդիպումներն ու քննարկումները, որոնք թույլ են տալիս խորը և բազմակողմանի ուսումնասիրել արձանագրությունն ու ազգային օրենսդրությունը, ինչն անշուշտ նպաստում է առավել արդյունավետ կերպով տեղայնացնել միջազգային փորձը և ազգային օրենսդրությունը լավագույնս համապատասխանեցնել միջազգային համաձայնագրերին: Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Հայաստանում Եվրամիության պատվիրակության գրասենյակի ներկայացուցիչ Հոա-Բին Աճեմյանը և ՄԱԿ-ի ԵՏՀ Էսպո կոնվենցիայի քարտուղարության ներկայացուցիչ Աֆրոդիտե Սմագադին: ՌԷԳ արձանագրության ՀՀ ազգային համակարգող ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլյանորա Գրիգորյանը, կարևորելով ՌԷԳ արձանագրությունը` նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի ԵՏՀ Էսպո կոնվենցիայի ռազմավարական Էկոլոգիական գնահատման մասին արձանագրությունը վավերացրել է 2011 թվականին: Ի պատասխան Հայաստանի հայցին, Կոնվենցիայի քարտուղարությունն իրականացնում է մի շարք միջոցառումեր կապված տեխնիկական աջակցության և կարողությունների հզորացման հետ, իրավական և ինստիտուցիոնալ կառույցներն ու կադրերն ամրապնդելու նպատակով` Էսպո կոնվենցիայի դրույթների, և հատկապես ՌԷԳ արձանագրության իրականացման համար: ՌԷԳ արձանագրության դրույթների իրականացմանն ուղղված միջոցառումները մեկնարկել են 2013թ. նոյեմբերի 26-ից 29-ը Երևանում տեղի ունեցած ուսումնական սեմինարով, միջոցառումերն իրականացվում են Եվրամիության ֆինանսավորմամբ Կանաչ էկոնոմիկայի շրջանակներում: Հանդիպման ավարտին տարբեր գերատեսչությունների և հասարակական սեկտորի ներկայացուցիչները կլոր սեղանն արդյունավետ են գնահատել և նշել, որ բազմաթիվ արժեքավոր կարծիքներ են հնչել, որոնք հաշվի կառնվեն գործողությունների հետագա ընթացքում: