«Անկախ Արցախի սիրելի ժողովուրդ, Շնորհավորում եմ ձեզ և ողջ հայությանը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության տոնի առթիվ: 23 տարի առաջ Արցախի ժողովուրդը կատարեց իր պատմական ընտրությունը, որը դարձավ անկախ պետականության կերտման դժվարին ճանապարհի մեկնարկը: Արցախցին արդարացիորեն հաղթեց իրեն պարտադրված պատերազմում՝ ապացուցելով հայի ոգու արիությունը, անկախության ձգտումն ու անկոտրում կամքը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումն ահռելի նշանակություն ունեցավ հայ ժողովրդի նորագույն պատմության կերտման գործում: Մեր նվիրյալ հերոսների արյան գնով ձեռքբերված հաղթանակներն այսօր ամուր պահում եք դուք՝ շենացնելով պատմական Հայաստանի այս փոքրիկ հողակտորը: Ձեր շնորհիվ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը կայացած, զարգացող և ժողովրդավար պետություն է: Պատերազմի ոչ մի սպառնալիք ու հրադադարի ռեժիմի նենգաբար խախտում չի կարող սասանել արցախցու հաղթական ոգին, որով նա արդեն 23 տարի շարունակ կերտում է իր պետականության անսասան հիմքերն ու հարատև ուղին: Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս մեծ տոնի առթիվ, մաղթում խաղաղություն, կայուն զարգացում և առաջընթաց: ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյան»