ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
14.08.2014
Ամառային ճամբարներում անցկացվել են էկոկրթական միջոցառումներ

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներից և Օզոնի շերտի պահպանության ծրագրի ազգային կենտրոնի ներկայացուցչից ձևավորված խումբը էկոկրթական դասընթացներ է անցկացրել ՀՀ կոտայքի մարզի Հանքավան քաղաքի մերձակայքում գործող «Արագած», «Հասմիկ» և «Լուսաբաց» ամառային ճամբարներում: Միջոցառումը նպատակ է հետապնդել ուժեղացնել աշակերտների սերը հայրենի բնության հանդեպ, հարստացնել գիտելիքները շրջակա միջավայրի և նրա բաղադրիչների մասին: Ճամբարներում հանգստացող 300-ից ավել աշակերտներին մատչելի տեղեկություններ է մատուցվել Հայաստանի հարուստ կենսաբազմազանության, շրջակա միջավայրի պահպանության և արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու վերաբերյալ: Մատուցված թեմաների յուրացումը դյուրացնելու նպատակով, տեսական նյութին զուգահեռ ցուցադրվել են էկոկրթական մուլտֆիլմեր և վավերագրական ֆիլմեր: Անցկացվել են նաև գործնական պարապմունքներ, ինչը թույլ է տվել ամրագրել դպրոցականների ստացած տեսական գիտելիքները: Սեմինարների ավարտին ճամբարներում հանգստացող դպրոցականներին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանձնվել են նաև բնապահպանական թեմայով «Օզի-Օզոն» սեղանի ժամանցային խաղեր: