ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է ՀՀ Տավուշի մարզի ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ և ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ‹‹Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ: ‹‹Դիլիջան›› ազգային պարկ›› ՊՈԱԿ-ի աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել աշխատակիցներին միասնական աշխատանքի և առկա դժվարությունները հաղթահարել կարողանալու համար` միաժամանակ ընդգծելով. ‹‹Դիլիջան ազգային պարկը›› մեր ազգային հարստություններից է և մենք պետք է առավելագույն ուշադրություն և հետևողականություն ցուցաբերենք տարածքի պահպանման հարցերում: Մենք պետք է կարողանանք բարձրացնել բնության հատուկ պահպանվող տարածքներից ճիշտ օգտվելու մշակույթը մեր երկրում և խստագույնս պատժել չարաշահումներ և խախտումներ թույլ տվողներին` անկախ սոցիալական դիրքից››: Արամայիս Գրիգորյանը որոշակի խնդիրների և թերացումների շուրջ դիտողություններ է արել ազգային պարկի տնօրինությանը, հույս հայտնելով, որ շատ մոտ ապագայում դրանք կշտկվեն և կհարթվեն: Նախարարը WWF-ի հայաստանյան գրասենյակի ղեկավար Կարեն Մանվելյանի ուղեկցությամբ այցելել է նաև կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման համատեղ ծրագրի շրջանակներում Դիլիջան ազգային պարկի տարածքում հատկացվելիք հնարավոր վայրը, ծանոթանալու եղջերուների բուծման պայմաններին: Արամայիս Գրիգորյանը կարևորել և ողջունել է կովկասյան ազնվացեղ եղջերուի Հայաստան վերադարձի ծրագիրը, ինչը կխթանի նաև տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացումը: ‹‹Կովկասյան ազնվացեղ եղջերուի բազմացման կենտրոնի ստեղծման տարածքի ընտրությունը պետք է պայմանավորվի մի քանի հանգամանքներով: Բացի այն, որ տեղանքը նպաստավոր պետք է լինի եղջերուների բուծման համար, այն նաև սոցիալական խնդիր է լուծելու` ստեղծելով աշխատատեղեր մոտակա գյուղի բնակիչների համար: Ազնվացեղ եղջերուներին կերակրելու և նրանց վայրի բնության գրկում հետևելու հնարավորությունը մեծ խթան կհանդիսանա էկոտուրիզմի զարգացման համար››,-եզրափակել է նախարարը: Նախարար Արամայիս Գրիգորյանը մարզային այցի շրջանակներում ՀՀ ԲՆ ‹‹Արգելոցապարկային համալիր›› ՊՈԱԿ-ի ղեկավար Գևորգ Սարգսյանի ուղեկցությամբ այցելել է նաև ‹‹Իջևանի դենդրոպարկ›› հիմնարկ, որտեղ ծանոթացել է ծառերի և թփերի հազվագյուտ տեսականին և դրանց պահպանման պայմաններին: Դենդրոպարկի տնօրեն Մեխակ Սայադյանը ներկայացրել է աշխատանքների ընթացքը, առկա խնդիրներն ու նախանշված ծրագրերը: Նախարարը հրահանգել է ուժեղացնել պահպանվող բուսատեսակների հսկողությունը և ներկայացնել հստակ ծրագրեր պարկի հնարավորությունների ընդլայնման, էկոտուրիզմի զարգացման հեռանկարների վերաբերյալ: https://www.youtube.com/watch?v=FE_ZabqqFog&feature=youtu.be