ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ՀՀ Տավուշի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում այցելել է «Զիկատար» բնապահպանական կենտրոն, ծանոթացել կենտրոնի աշխատանքներին և հյուրընկալվել նախարարության աջակցությամբ անցկացվող Էկոլոգիական-հայրենագիտական ուսումնահետազոտական ճամբարին, որտեղ իրենց ակտիվ հանգիստն են անցկացնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կազմակերպած «Էկոտուր 2014» ամենամյա չորրորդ բաց ստուգատեսի մրցանակակիրները՝ Արցախի, Թբիլիսիի, Երևանի, Հայաստանի մյուս մարզերի և կրթահամալիրի մի քանի դպրոցներից: Ճամբարականներն աղուհացով են դիմավորել նախարարին: Նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է ճամբարականների ընդհանուր պարապմունքին, որից հետո կազմակերպված կլոր սեղանի շուրջ քննարկել դպրոցականներին հետաքրքրող մի շարք շրջակա միջավայրին վերաբերող հարցեր: Նախարարն ընդունելի է համարել պատանի դպրոցականների՝ էկոլոգիական խնդիրների վերաբերյալ հայտնած մտահոգությունները և շնորհակալություն հայտնել դրանց լուծման հարցում ցուցաբերվող ուշադրության համար. «Ուրախ եմ, որ այստեղ` մեկ հարկի ներքո հավաքվել են դպրոցականներ բարեկամ Վրաստանից, հարազատ Արցախից և մեր հանրապետության տարբեր մարզերից: Շատ եմ կարևորում բնության պահպանության նկատմամբ ցուցաբերվող ձեր ուշադրությունը»: Կլոր սեղանի շուրջ ներկայացվել են նաև Էկոտուրի քառամյա պատմությունն ու հաջողությունները, կրթահամալիրի Էկոլոգիական նախագծերը, ինչպես նաև քննարկվել է Էկոտուր 2015-ի ծրագիրը` կապված Սևանի ավազանի, մասնավորապես Սևանա լիճ թափվող գետերի՝ կենցաղային աղբով աղտոտման հարցերի ու էկոտուրի մասնակիցների նախաձեռնությամբ դրանց մաքրման աշխատանքների իրականացման հետ: Արամայիս Գրիգորյանը ողջունել և կարևորել է պատանիների պատրաստակամությունը Սևանա լճի մաքրման աշխատանքներին մասնակցություն ցուցաբերելու հարցում և խոստացել օժանդակել այդ աշխատանքներին և հաջորդ տարի ևս աջակցել էկոճամբարի կազմակերպմանը: Այցի ավարտին բոլոր ճամբարականները ՀՀ բնապահպանության նախարարության կողմից նվեր են ստացել բնապահպանական ծրագրերի խորհրդանիշերով ձևավորված շապիկներ: Աշակերտներն էլ իրենց հերթին բնապահպանության նախարարին նվիրել են իրենց ձեռքով նկարած կտավը: Նախարարության ենթակայությամբ գործող «Զիկատար» բնապահպանական ուսումնական կենտրոնի աջակցությամբ Էկոճամբարում կազմակերպվում են արշավներ հատուկ պահպանվող տարածքի անտառային հատվածներ և պատմամշակութային հուշարձաններ, որոնց ընթացքում բնապահպան մասնագետները դպրոցականների հետ անցկացնում են բնապահպանական թեմաներով ուսումնական դասընթացներ՝ օգտակար գիտելիքներ հաղորդելով հայրենի բնաշխարհի ներկա վիճակի, նրա պահպանության և վերարտադրության մասին: Կազմակերպիչները Ճամբարում անցկացնում են նաև էկոլոգիական բաց դասեր, քայլարշավներ, ճանաչողական զբոսանքներ: https://www.youtube.com/watch?v=iONzIGoAiyQ&feature=youtu.be