ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
09.07.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն ընդունել է ԵՄ Թվինինգ Ծրագրի՝ Գերմանիայի Դաշնության կողմից ղեկավար Մարտինա Կարբովսկու ղեկավարած պատվիրակությանը

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր ընդունել է ԵՄ և ՀՀ համագործակցության շրջանակներում իրականացվող «Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման (ԱՀԿՀ/IPPC) համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացում» ԵՄ Թվինինգ Ծրագրի Գերմանիայի Դաշնության կողմից ղեկավար Մարտինա Կարբովսկուն (Գերմանիայի Դաշնային Հանրապետության բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարություն /BMUB) և Թվինինգ ծրագրի Հայաստանում մշտական խորհրդատու Թեոդոր Յուրոչեկին: Մարտինա Կարբովսկին, իր կողմից շնորհավորելով նորանշանակ նախարարին, փոխանցել է նաև ԳԴՀ բնության, շրջակա միջավայրի պահպանության, շինարարության և միջուկային անվտանգության դաշնային նախարարի շնորհավորական ուղերձը և հույս հայտնել, որ վերոնշյալ ծրագրի ավարտից հետո ևս կշարունակվի ՀՀ և ԳԴՀ համապատասխան գերատեսչությունների միջև համագործակցությունը: Նախարար Արամայիս Գրիգորյանը, ողջունելով հյուրերին, շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և բարեմաղթանքների համար և նշել. «Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում իրականացված և ընթացքի մեջ գտնվող ծրագրերը բավականին կարևոր են մեզ համար, քանի որ դրանք օգնում են կատարելագործելու և բարեփոխելու ոլորտի կառավարումն ու վարչարարությունը: Այսպիսի ծրագրերից է նաև Աղտոտման համալիր կանխարգելման և հսկման համակարգի ներդրման նպատակով ՀՀ բնապահպանության նախարարության հզորությունների զարգացման ծրագիրը, որը մեկնարկել է 2013-ի հունվարին, աշխատանքների մեծ մասն արդեն արված են և հուսանք, որ նախատեսված ժամկետներում կհասցնենք ավարտել այն: Մեր նպատակն է օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների, հզորությունների ամրապնդման միջոցով ձևավորել էկոհամակարգային մոտեցմամբ բնապահպանական համալիր թույլտվությունների տրամադրման և հսկման արդյունավետ համակարգ: Հուսամ, որ հետագայում ևս առիթ և հնարավորություններ կունենանք իրականացնելու համատեղ նոր ծրագրեր››:   https://www.youtube.com/watch?v=uV9EmrQBl9g&feature=youtu.be