ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.06.2014
ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ բնապահապանության նախարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը հունիսի 30-ին այցելել է ՀՀ Բնապահպանության նախարության ենթակայությամբ գործող «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ: Այցի նպատակն էր տեղում ծանոթանալ ընկերության աշխատանքների ընթացքին, ինչպես նաև շնորհավորել աշխատակազմին՝ սույն թվականի հունիսի 16-ին ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից ավիացիայի աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվություն ստանալու կապակցությամբ: Արամայիս Գրիգորյանը ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանի և «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ տնօրեն Լևոն Լևոնյանի ուղեկցությամբ ծանոթացել է ընկերության կողմից օդերևութաբանական տվյալների արձանագրման, տեղեկատվության հաղորդման ընթացքին և հաջողություն մաղթել աշխատակիցներին իրենց չափազանց պատասխանատու գործունեության մեջ. «Ձեր հաղորդած տվյալների ճշգրտությունից է կախված մեր ինքնաթիռների բարեհաջող վայրէջքն ու թռիչքը, դուք գործ ունեք մարդկային կյանքերի հետ, ինչը պատվաբեր և միաժամանակ չափազանց պատասխանատու աշխատանք է: Ինչպես օդաչուներն են ասում` անփորձանք և անխափան աշխատանք եմ մաղթում բոլորիդ: Ձեր արդյունավետ ու նվիրված աշխատանքի արդյունքում է, որ այսօր արժանացել եք աերոնավիգացիոն օդերևութաբանական ապահովում իրականացնելու թույլտվությանը: Մաղթում եմ, որ շարունակական առաջընթաց ու հաջողություններ գրանցեք ձեր գործում››: ՀՀ կառավարությանն առընթեր Քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսեսյանն իր հերթին շնորհավորեց «Զվարթնոց ավիաօդերևութաբանական կենտրոն›› ՓԲԸ-ին` նշելով, որ կենտրոնի մասնագիտական և տեխնիկական պատրաստականությունը լիակատար համապատասխանության է բերվել ՀՀ օրենսդրությամբ և «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին›› կոնվենցիայով սահմանված չափանիշներին և կարող է իրականացնել աերոնավիգացիայի օդերևութաբանական ապահովում: Լևոն Լևոնյանն իր շնորհակալությունը հայտնեց թե ՀՀ բնապահպանության նախարարությանը, թե Քաղավիացիայի գլխավոր վարչությանը մշտապես ցուցաբերվող աջակցության և թույլտվության համար և հավաստիացրել, որ կենտրոնն ապագայում ևս կշարունակի որակյալ ծառայություններ մատուցել: https://www.youtube.com/watch?v=iZ2cUd54VZo&feature=youtu.be https://www.youtube.com/watch?v=n37QoJOTi2Y