ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի գործունեության տասնամյակի միջոցառմանը: Երևանի բուսաբանական այգում տեղի ունեցած արարողության ժամանակ ներկայացվել է Հայաստանի բնապահպանության ոլորտում տասը տարիների ընթացքում կազմակերպության ունեցած հիմնական ձեռքբերումները: Միջոցառմանը շնորհավորական ուղերձով հանդես է եկել ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Օրինաչափ համարելով, որ նախարարությունը համագործակցում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սկսած հիմնադրման օրվանից՝ Արամայիս Գրիգորյանը բարձր է գնահատել կազմակերպության ունեցած ներդրումը բնապահպանական խնդիրների լուծման գործում: Բնապահպանության նախարարը ներկայացրել է Բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի հետ իրականցրած բազմաթիվ ծրագրերը և հավելել. «Ձեռքբերված արդյունքների զարգացումը, հետագա համագործակցության շարունակականությունն ու ամրապնդումը պահանջում է կառուցողական, հասցեական և համակարգված միասնական մոտեցումների կիրառում: Մեր նախորդ տարիների արդյունավետ համագործակցության փորձը հիմնավոր նախադրյալներ է ստեղծում դրա համար»: Միջոցառմանը ելույթով հանդես են եկել նաև ՀՀ Գերմանիայի դաշնային հանրապետության դեսպան՝ Ռայներ Մորելը, WWF կովկասյան ծրագրային գրասենյակի տնօրեն՝ Գիորգի Սանադիրաձեն, WWF-Ռուսաստանի տնօրեն՝ Իգոր Չեստին, WWF հայաստանյան մասնաճյուղի տնօրեն՝ Կարեն Մանվելյանը, ՀՀ Շվեյցարիայի համադաշնության դեսպան՝ Լուկաս Գասերը, ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի տնօրեն՝ Ժիրայր Վարդանյանը: Բուսաբանական այգում պաշտոնապես բացվել է ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտի հետ համատեղ ստեղծված նոր տնկարանը՝ WWF-Շվեցարիայի ֆինանսավորած ծրագրի շրջանակներում: