ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի կողմից ձևավորված աշխատանքային խումբը դաշտային ուսումնասիրություններ է իրականացնում ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ջրային ռեսուրսների անարդյունավետ օգտագործման և խորքային հորերի ապօրինի շահագործման հետ կապված խնդիրները բացահայտելու և լուծումներ տալու նպատակով: Ուսումնասիրությունների ընթացքում գործնական քայլերի դիմելու անհրաժեշտության դեպքում ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ: Մասնավորապես՝ հուլիսի 29-ին ՀՀ Արարատի մարզի Նորամարգ համայնքում շուրջ 80 լ/վ ջրթողունակությամբ ապօրինի խորքային հորի լուծարման աշխատանքներ են իրականացվել: Լուծարման աշխատանքին տեղում հետևել է ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը: Վերոհիշյալ աշխատանքները շարունակվել են նաև վերջին շաբաթվա ընթացքում: Արդյունքում՝ ՀՀ Արարատի մարզի Հովտաշատ համայնքի տարածքում գործող երկու՝ «Կարապետ Բադալյան» ԱՁ և «Մարինե Բադալյան» ԱՁ ձկնաբուծական տնտեսություններում փականային ռեժիմի բերելու միջոցով կատարվել են օգտագործվող ջրային ռեսուրսների սահմանափակման միջոցառումներ՝ համապատասխանաբար խնայելով 160 լ/վ և 103 լ/վ արտեզյան ջուր: ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը տեղեկացրել է, որ աշխատանքային խմբի իրականացրած միջոցառումների շնորհիվ վերջին 10 օրվա ընթացքում խնայվել է մոտ 340 լ/վ ջուր,ինչը տարեկան կազմում է մոտ 10.7 մլն խ/մ ջուր: Մինչ այդ ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ՀՀ կառավարության միջոցներով լուծարվել և կոնսերվացվել էր 45 խորքային հոր, գումարային 310լ/վ ջրթողունակությամբ, իսկ տնտեսվարողների միջոցներով՝ 47 խորքային հոր, 920լ/վ ջրթողունակությամբ: