ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանի մոտ քննարկում է կազմակերպվել Սևանա լճից լրացուցիչ ջուր բաց թողնելու խնդրով մտահոգված ՀԿ-ների ներկայացուցիչների հետ, ովքեր նախարարի հետ մայիսի 13-ի հանդիպման ժամանակ իրենց մտավախությունն էին հայտնել առ այն, որ Սևանա լճից կառավարության որոշմամբ լրացուցիչ ջուրը բաց է թողնվում ոչ միայն ոռոգման, այլ նաև էներգետիկ նպատակներով: Մասնավորապես, բնապահպան ակտիվիստների մոտ ենթադրություն կար, որ 5 տարով յուրաքանչյուր տարի լրացուցիչ 70 մլն խ/մ ջուրը բաց է թողնվում Ռուս-Հիդրո ՓԲԸ-ի կողմից նույն ժամանակահատվածով Սևան-Հրազդան ՀԷԿ-երի կասկադի վերակառուցման նպատակով Ասիական զարգացման բանկից ստացած 25 մլն ԱՄՆ դոլոր վարկը փակելու նպատակով: Խնդիրը պարզաբանելու նպատակով Բնապահպանության նախարարությունում հանդիպում էր կազմակերպվել Էկոլոգիական հասարակական դաշինքի ներկայացուցիչ Սիլվա Ադամյանի, «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ նախագահ Գրետա Գաբրիելյանի, «Հասարակական պաշտպանների միավորում» ՀԿ նախագահ Արամ Գրիգորյանի, «Ռուս Հիդրո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Արման Մխիթարյանի, Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանի և նախարարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչների ու ոլորտի գիտնականների միջև: Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն իր խոսքում ընդգծել է, որ Սևանը մեկն է և նրա խնդիրը բոլորինս է. «Մենք պետք է հոգատար ու չափազանց ուշադիր լինենք հայրենի բնության արժեքների և ռազմավարական նշանակության ջրային պաշարների նկատմամբ: Միևնույն ժամանակ պետք է կարողանանք սթափ գնահատել իրավիճակը` իրականությունը, առկա խնդիրները տարանջատելով շրջանառվող մտավախություններից և անհանգստություններից: Սա է պատճառը, որ այսօր հավաքվել ենք քննարկելու և պատասխան տալու բոլորիս հուզող հարցերին»: ՀԿ-ների ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել, որ նախարարն արձագանքել է իրենց մտահոգություններին, կազմակերպել հանդիպումը և ներկայացրել իրենց մտահոգությունը: «Ռուս Հիդրո» ՓԲԸ ֆինանսական տնօրեն Արման Մխիթարյանը հիմնավորել է, որ Սևանից ջրի լրացուցիչ բաց թողնումը կապ չունի Սևան-Հրազդան կասկադի վերակառուցման ծրագրի հետ: Բանախոսը տեղեկացրել է, որ կասկադի 7 ՀԷԿ-երից միայն երկուսն է կառուցված Սևանից ոռոգման նպատակով ջրառի ուղու վրա: Իսկ համակարգի արդիականացումը օրախնդիր է, քանի որ այն չի արվել սկսած նախորդ դարի 30-ական թվականներից: Հայջրնախագիծ ինստիտուտի տնօրեն Յուրի Ջավադյանն էլ հիմնավորել է, որ պետությունը ստիպված է գնացել Սևանա լճից լրացուցիչ ջրառի, քանի որ եղանակային պայմաններից ելնելով, այս տարի սակավաջուր է եղիլ: Շահագրգիռ քննարկման ընթացքում խնդիրը որոշակիորեն պարզաբանվել է, վեր են հանվել նաև այլ բնապահպանական հարցեր ևս և առաջարկություն է հնչել հետագայում նույնպես անցկացնել նման աշխատանքային քննարկումներ հասարակական կազմակերպություններին հետաքրքրող այլ խնդիրների վերաբերյալ: Եզրփակելով հանդիպումը` Արամայիս Գրիգորյանը մեկ անգամ ևս շնորհակալություն է հայտնել հասարակական կազմակերպություններին համագործակցության պատրաստակամության համար և ընդգծել, որ հանրապետության առաջ ծառացած բնապահպանական խնդիրները պետք է լինեն բոլորի ուշադրության կենտրոնում և լուծվեն նրանց ջանքերի մեկտեղմամբ: