Հողը պատկանում է ապագային Պահպանենք այն կլիմայի փոփոխությունից 1995թ. Միավորված Ազգերի կազմակերպությունը հռչակեց հունիսի 17-ը որպես անապատացման և երաշտի դեմ պայքարի միջազգային օր՝ անապատացման և երաշտի սպառնալիքների և հետևանքների իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Սակայն այդ, օրվա նպատակը ոչ միայն խնդիրների մասին քննարկումն է, այլ նաև լուծումների բացահայտումը: Հողերի կայուն կառավարման և ճիշտ պլանավորման միջոցով հնարավոր է անապատացման և երաշտի հետևանքները ոչ միայն նվազեցնել, այլ նույնիսկ կանխարգելել: Անապատացման գործընթացները կարող են արագ զարգանալ շարունակական և ոչ կայուն գյուղատնտեսական ու անասնապահական պրակտիկայի կիրառման ժամանակ: Անապատացման, հողերի դեգրադացիայի և երաշտի հետևանքները, առավել ծայրահեղ է արտահայտվում աղքատ գյուղական բնակչության մոտ: Մոտավորապես 1,5 միլիարդ մարդ աշխարհում ուղղակի կախվածության մեջ են չորային հողերից, ինչը իրենց ապրուստի միակ միջոցն է: Անապատացման և հողերի դեգրադացիայի խնդիրների հետ առնչվում են ավելի քան 110 երկրներ: Ռիո+20 վերջնական զեկույցում նշված է, որ անապատացումը, հողի դեգրադացիան և երաշտը գլոբալ մասշտաբի խնդիրներ են, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում բոլոր երկրներում կայուն զարգացման հասնելու համար: Կայուն զարգացման համատեքստում պետք է ձգտել հասնելու հողերի չեզոք դեգրադացիայի վիճակին, ինչը խթան կհանդիսանա ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի համար: Հողերի չեզոք դեգրադացիան ենթադրում է բարելավել հողային ռեսուրսների վիճակը (հող, ջուր, կենասաբազմազանություն) տնտեսական, սոցիալական և բնապահպանական օգուտների համար, ինչը համահունչ է էկոհամակարգային մոտեցմանը: 2014թ. անապատացման դեմ պայքարի օրվա նպատակներն են` 1. Կենտրոնացնել ուշադրությունը հողերի պահպանության և կլիմայի փոփոխության հարմարվողականության նկատմամբ: 2. Մոբիլիզացնել աջակցությունը հողերի կայուն կառավարման համար: 3. Կոչ անել ներառելու հողերի պահպանության և սննդամթերքի անվտանգության հարցերը Կլիմայի փոփոխության հարմարվողականության ազգային քաղաքականության մեջ: 2014 թվականին անապատացման դեմ պայքարի միջազգային օրվա թեման է՝ հարմարվողականությունը հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա, որի կարգախոսն է՝ <<Հողը պատկանում է ապագային - Պահպանենք այն կլիմայի փոփոխությունից>>: Այդ թեման ընտրվել է հարմարվողականության ներուժի իրազեկության բարձրացման համար՝ հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա: Հարմարվողականությունը հիմնված էկոհամակարգային մոտեցման վրա ենթադրում է բնական համակարգերի ուժեղացում, մեղմելու/նվազեցնելու կլիմայի փոփոխության հետ կապված բացասական հետևանքները: Երբ էկոհամակարգը առողջ է, այն ավելի քիչ է խոցելի կլիմայի փոփոխության հետևանքներին և ռիսկերին: Հողերի կայուն կառավարումը մեծացնում է ինչպես հասարակության, այնպես էլ էկոհամակարգի կայունությունը: Էկոհամակարգը, դա միմյանց հետ փոխազդող կենդանի օրգանիզմների և դրանց բնակության անկենդան միջավայրի գործառական ամբողջություն է։ Մարդը էկոհամակարգի անբաժանելի մասն է: Յուրաքանչյուր էկոհամակարգ ապահովում է մեր կյանքը բազմաշերտ ձևով, ինչը տնտեսական տեսանկյունից կարելի է բնութագրել որպես էկոհամակարգային ծառայություն: Էկոհամակարգերի կողմից տրամադրվող ծառայությունները հիմնականում ունեն ապահովող (սնունդ, մաքուր ջուր, թարմ օդ, վառելիք, հումք), կարգավորիչ (կլիմա, բնական աղետների և համաճարակների կանխում, ապաստաններ, կենսամիջավայր, էրոզիայի կանխում), մշակութային (գեղագիտական, կրոնական, գիտաճանաչողական, սոցիալական և հոգևոր արժեքներ, ավանդույթների ձևավորում, ռեկրեացիոն ռեսուրսներ) և աջակցող (հողագոյացում, ֆոտոսինթեզ, ազոտի, ածխածնի, թթվածնի, ջրի շրջանառություն) նշանակություն: Էկոհամակարգային ծառայությունները տնտեսական արժեք են ներկայացնում և պետք է ինտեգրվեն երկրի տնտեսության ընդհանուր համակարգում: Էկոհամակարգերի ոչ ճիշտ օգտագործումը մեծացնում է խոցելիությունը բացասական երևույթների նկատմամբ: Էկոհամակարգերին բնորոշ է փոփոխություններին հարմարվելու և ինքնավերականգնվելու հատկությունը, սակայն առավելագույն խախտմանը հասնելու դեպքում, դրանց բնույթը կարող է փոխվել: Անապատացումը կարելի է բնութագրել չորային շրջաններում որպես հողի դեգրադացիան եզրափակիչ փուլ Հայաստանը գտնվելով չորային շրջանում նունպես ենթարկվում է անապատացման և մեծ վնասներ է կրում և բերում բնակչության սոցիալական վիճակի վատթարացմանը: Հողերի ոչ ճիշտ օգտագործման հետևանքով որոշ դեպքերում առաջանում է հողերի կոշտացում, ինչի պատճառով ջուրը չի կարող թափանցել և լցվել ստորգետնյա աղբյուրները: Հայաստանի Հանրապետությունում անապատացման դեմ պայքարի հարցը ռազմավարական նշանակության ունի և ներառված է 2014թ. Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրում: Պետական բյուջեի, միջազգային դոնոր կազմակերպությունների և դոնոր երկրների կողմից տրամադրված միջոցների հաշվին, հանրապետությունում իրականացվել և իրականացվում են մի շարք ծրագրեր, ուղղված անապատացման երևույթների հարցերին: Նշված ծրագրերը ուղղված են մոնիտորինգի (շրջակա միջավայրի, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների, գյուղատնտեսական նշանակության հողերի և այլն), իրիգացիոն համակարգերի և կոլեկտորադրենաժային համակարգի վերականգնման ու զարգացման, բնության հատուկ պահպանվող տարածքների ստեղծման,սահմանների ճշգրտման և քարտեզագրման աշխատանքների, անտառների վերականգնման, չքավորության նվազեցման, բնական ռեսուրսների կայուն օգտագործման, արոտավայրերի վերականգնման, ջրածածկման և հեղեղումների կանխարգելման, գյուղատնտեսական նշանակության հողերի բարելավման, հողային ռեսուրսների կայուն կառավարման, բնակչության իրազեկությանն բարձրացման և այլ հարցերին: ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի 10-ամյա ռազմավարության ծրագրով նախատեսվում է նախկինում մշակված գործողությունների ազգային ծրագրերը վերանայել և համապատասխանեցնել 10-ամյա ռազմավարության պահանջներին: Ներկայումս իրականացվում է <<Հայաստանում անապատացման դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի ներդաշնակեցում>> ծրագիրը, որի շրջանակներում մինչև 2014թ. վերջը նախատեսվում է ԳԱԾ-ը վերանայել և համապատասխանեցնել ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցայի 10-ամյա ռազմավարության ծրագրի պահանջներին: ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության պետի տեղակալ, Հայաստանում ՄԱԿ-ի <<Անապատացման դեմ պայքարի>> Կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյան