ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
29.05.2014
ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հանդիպել է բնապահպանության ոլորտի 26 գիտնականների հետ:

ՀՀ Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն այսօր հանդիպել է բնապահպանության ոլորտում գիտական գործունեություն ծավալած ՀՀ ԳԱԱ և Հանրապետության առաջատար բուհերի 26 գիտնականի հետ: Շնորհակալություն հայտնելով հրավերն ընդունելու համար՝ Արամայիս Գրիգորյանն ընդգծել է գիտական ներուժի դերը ոլորտի զագացման և առկա խնդիրների կարգավորման հարցերում:     ‹‹Այս հանդիպումն առաջինն է, բայց ոչ վերջինը. միասին մենք ճանապարհ ունենք անցնելու: Իմ ցանկությունն է, որ կարողանանք միասնաբար, միմյանց հետ համագործակցելով և գիտականորեն հիմնավորված քայլերով գործնականում նպաստել մեր երկրի կայուն զարգացմանը, ոլորտում առկա խնդիրների վերհանմանն ու լուծմանը››:     Գիտնականները բարձրացրել են բնապահպանության ոլորտում իրենց հուզող մի շարք հարցեր, որոնց նախարարը խոստացել է առավել խորը և հանգամանորեն անդրադառնալ առաջիկայում: Քննարկվել է նաև ՀՀ բնապահպանության նախարարության և գիտնականների միջև հետագա համագործակցության հնարավոր ձևաչափերի մշակման հարցը:    Գիտնականները պատրաստակամություն են հայտնել իրենց ուժերի ներածին չափով աջակցելու նախարարության նախաձեռնած բնապահպանական ծրագրերի իրագործմանը:    Նախարարը գոհունակությամբ է ընդունել գիտնականների արձագանքը և նշել. ‹‹Ես ձեր կարիքն ունեմ, բոլոր կարևոր որոշումներում ես հաշվի եմ  առնելու ձեր կարծիքը, եզրակացություններն ու դիտարկումները՝ ճիշտ և հիմնավորված որոշումներ կայացնելու և կառուցողական լուծումներ գտնելու նպատակով: Ես այս ուղին եմ ընտրել և հուսով եմ, որ դուք էլ ինձ հետ կընթանաք առկա խնդիրները քայլ առ քայլ լուծելու ճանապարհով››: