ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը մասնակցել է «Թանգարանների միջազգային օրվա» և «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման շրջանակներում մայիսի 17-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի ունեցած միջոցառմանը։ Միջոցառումը սկսվել է Տեր Տաճատ քահանայի օրհնությամբ։ Նախարար Արամայիս Գրիգորյանը ողջունել է թանգարանի այցելուներին և միջոցառման մասնակիցներին` գոհունակություն հայտնելով հայրենի բնաշխարհի հանդեպ նրանց ունեցած ուշադրության և հոգատար վերաբերմունքի համար։ Թանգարանում ներկայացված էր «Արվեստի շունչը մեսրոպյան տառերում» խորագիրը կրող ցուցահանդեսը։ Ցուցադրված բոլոր աշխատանքներում հեղինակները օգտագործել էին հայոց բնաշխարհի բարիքներն ու անուշահոտ ծաղիկները։ Թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանը պատվոգրեր է հանձնել ցուցահանդեսում ներկայացված աշխատանքների հեղինակներին։ Շնորհակալություն հայտնելով միջոցառման մասնակիցներին և հյուրերին` թանգարանի տնօրենը հիշեցրել է, որ Հայաստանի բնության պետական թանգարանի մուտքն ազատ է բոլոր այցելուների համար ոչ միայն «Թանգարանների գիշերվա» ընթացքում, այլև ողջ տարին։ Իր գեղեցիկ կատարմամբ միջոցառումն առավել ամբողջական է դարձրել Երևանի Քրիսատափոր Քուշնարյանի անվան արվեստի դպրոցի ազգային նվագարանների նվագախումբը։ Նվագախմբի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Հովհաննես Հայրիկյանին Հայաստանի բնության պետական թանգարանի կողմից նույնպես շնորհվել է պատվոգիր։ Միջոցառումից հետո նախարար Արամայիս Գրիգորյանը թանգարանի տնօրեն Գայանե Ղազարյանի հետ քննարկել է նաև թանգարանում առկա խնդիրներին և դրանց լուծուման միջոցներին առնչվող հարցեր։