ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.04.2014
Ամփոփվել են Արարատյան հարթավայրի ապօրինի խորքային հորերի լուծարման, կոնսերվացման և խորքային ջրերի խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների հերթական փուլի արդյունքները

Արարատյան հարթավայրի ապօրինի խորքային հորերի լոծարման և կոնսերվացման, ինչպես նաև խորքային ջրերի խնդրի կարգավորման ուղղությամբ կատարվող աշխատանքներն են քննարկվել ՀՀ բնապահպանության նախարարությունում անցկացված հերթական խորհրդակցության ընթացքում:   Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանին տեղեկացվել է, որ ի կատարումն «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման պահանջների՝ ավարտվել է Արարատյան հարթավայրում ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով մինչև ապրիլի 1-ը դիմած տնտեսվարողներին ծանուցումներ ուղարկելու աշխատանքները:  Վերջիններս պետք է ծանուցումը ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ներկայացնեն նոր հայտեր, որոնք առանձին-առանձին քննարկվելու են ձևավորված միջգերատեսչական հանձնաժողովում և եռամսյա ժամկետում եզրակացություն է տրվելու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:    Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները Արամ Հարությունյանին հայտնել են, որ ավարտվել են Արարատյան հարթավայրի խորքային հորերի հաշվառման և արդյունքների ամփոփման աշխատանքները: Այս փուլում ամփոփվել է ՀՀ Արմավիրի մարզի համայնքային պատկանելիության հորատանցքների հաշվառումը: Ուսումնասիրված 89 համայնքներում առկա են 1019 հորատանցք՝ 5,5 մ³/վրկ թողունակությամբ:   Այս աշխատանքներին զուգահեռ շարունակվել են ապօրինի խորքային հորերի լուծարման և կոնսերվացման գործընթացը: Ապրիլի 22-ի դրությամբ ՀՀԱրարատիևԱրմավիրիմարզերում լուծարվել, կոնսերվացվել և բերվել են փականային ռեժիմի 79  հորատանցք: Արարատի  մարզի Հովտաշատ համայնքում  լուծարվել  է  մեկ հորատանցք, որը գտնվում էր ցամաքուրդում և չնայած անբարենպաստ պայմաններին՝   արվել  է առավելագույնն  աշխատանքները  պատշաճ իրականացնելու համար:    Խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ ընթանում են հողային նախապատրաստական աշխատանքներ ՀՀ բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման իրականացրած գույքագրման  արդյունքում հաշվառված  հորատանցքերի  լուծարման  կամ  կոնսերվացման  աշխատանքները շարունակելու համար: