ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
02.04.2014
Ներկայացվել է«Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում գործող ջուր օգտագործող ընկերությունների, ձկնաբույծների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, ձկնաբույծների և համայնքների ղեկավարների հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության, Արմավիրի և Արարատի մարզպետարանների ներկայացուցիչները: Նախարար Արամ Հարությունյանը ներկայացրել  է «Ապօրինի շահագործվող, ինչպես նաև չշահագործվող հորատանցքերի համար ջրօգտագործման թույլտվությունների տրման, դրանց լուծարման և կոնսերվացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:  Նախարարը հայտնել է, որ մի շարք գերատեսչությունների  իրականացրած միջոցառումների և ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել Արարատյան հարթավայրի խորքային ջրերի վիճակը և ջրօգտագործման ամբողջական պատկերը: Ինչից հետո ներկայացվել է այն միջոցառումների ցանկը, որն իրականացվելու է առաջիկայում:     Ներկաներին տեղեկացվել է, որ ընդունվելիք  փաստաթուղթը վերաբերվելու է մինչև ապրիլի 1-ը ջրօգտագործման թույլտվություն ստանալու նպատակով ստացված դիմումներին և եթե բոլորի ջանքերն մեկտեղվեն, ապա կստացվեն կողմերին բավարարող լուծումներ:     Ներկայացնելով նախագծի հիմնական դրույթները՝ բնապահպանության նախարարը տեղեկացրել է, որ մեկամսյա ժամկետում մինչ այդ ջրօգտագործման թույլտվության համար նախկինում դիմած տնտեսվարողները ներկայացնելու են նոր դիմումներ, ձևավորվելու է միջգերատեսչական հանձնաժողով, որն էլ եռամսյա ժամկետում անհատապես քննարկելու և եզրակացություն է տալու յուրաքանչյուր դիմումի վերաբերյալ:    Նախատեսվում է արգելել ՀՀ Արարատի և Արմավիրի մարզերում ձկնաբուծության նպատակով նոր հորատանցքեր հորատելու  թույլտվությունների տրամադրումը և վերոհիշյալ մարզերի համայնքների ղեկավարներին հանձնարարվելու է չթույլատրել նախկինում ջրօգտագործման թույլտվություն ունեցող, սակայն դեռ  չհորատված հորատանցքերի մասով շինարարության թույլատվությունը, քանի որ դրանք չեղյալ են հայտարարվելու: Ջրամատակարարման փակ կամ կիսափակ համակարգի անցնելու, ինչպես նաև ջրօգտագործման նկատմամբ ավտոմատ կառավարման համակարգի արդի սարքավորումներ ապահովելու դեպքում, Արամ Հարությունյանը տնտեսվարողներին առաջարկել է ծրագրեր մշակել և ներկայացնել հաստատման՝ ակնկակելով պետության աջակցությունը:     Նախագծով սահմանված է, որ մինչև 2015 թ. սեպտեմբերի 1-ը պետք է մշակվի Արարատյան հարթավայրի ջրավազանային կառավարման պլանը: Նախատեսվում է նաև այդ ժամանակահատվածում հիմնավորել համայնքային նշանակության հորերի առկայությունը և դրանցից օգտվելու պահանջարկները:     Հանդիպման վերջում ծավալվել է շահագրգիռ երկխոսություն և ներկայացվել տնտեսվարողներին հուզող բոլոր հարցերի պատասխանները: